2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։ Վրաստանի 11-րդ խորհրդարանն առաջին անգամ կձևավորվի լիովին համամասնական ընտրությունների միջոցով։ Փոխվել է նաև ընտրություններում գրանցման և ձայների հաշվարկման համակարգը. ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հարկ է նշել նաև, որ Վրաստանի նախագահը, քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցություններն այս ընտրություններն անվանում են «հանրաքվե», քանի որ, ըստ նրանց, այս ընտրություններով պետք է որոշվի Վրաստանի արտաքին վեկտորի ճակատագիրը, այն է՝ Վրաստանը գնալու է դեպի Եվրամիություն, թե՞ վերադառնալու է դեպի ռուսական իմպերիալիզմ:
Ընտրական համակարգեր. դրական և բացասական կողմերը
Ընտրական համակարգերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ մեծամասնական և համամասնական։ Մեծամասնական ընտրակարգն իր հերթին բաժանվում է հարաբերական և բացարձակ մեծամասնական համակարգերի։ Համամասնականն արտոնյալ (պրեֆերենցիալ) և կուսակցական ցուցակների համակարգ է համարվում։ Սրանցից բացի, գործում է նաև խառն ընտրակարգը, որը միավորում է մեծամասնական և համամասնական համակարգերի չափանիշները տարբեր փոխակերպումներով: Այս համակարգերից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:
Մեծամասնական ընտրակարգով խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրատարածքներից, համամասնականի դեպքում կազմվում է կուսակցության պատգամավորական ցուցակը, իսկ ցուցակից քաղաքական գործիչներն ընտրվում են խորհրդարանում ընտրությունների արդյունքներին համամասնաբար, մինչդեռ խառը համակարգում օգտագործվում են երկու համակարգերը:
Համամասնական ընտրակարգն առաջին անգամ կիրառվել է Բելգիայում՝ 1889 թվականին։ Ներկայումս այդ համակարգը գործում է ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Իսրայելում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում:
Համամասնական ընտրակարգի կիրառման դեպքում ընտրատարածքը միշտ բազմամանդատ է, և մանդատները կուսակցությունների միջև բաշխվում են ընտրատարածքում ստացած ձայների համամասնությամբ։
Համամասնական ընտրական համակարգերը տարբերվում են միմյանցից՝ ըստ ընտրողների քվեարկության և կուսակցությունների միջև մանդատների բաշխման ձևի: Ամբողջ երկիրը մեկ բազմամանդատ ընտրատարածք է ներկայացնում, եթե բաժանված է մի քանի բազմամանդատ ընտրատարածքների։
Այս կարգի ընտրություններում ակնհայտ առավելությունն այն է, որ համամասնական ընտրակարգով կուսակցությունների ստացած ձայների և մանդատների անհամաչափության ցուցանիշը շատ ավելի ցածր է, քան մեծամասնական և խառը համակարգերում: Սա բացառում է, որ ընտրողների ձայների կեսից պակաս ատացած կուսակցությունը կարողանա խորհրդարան անցնել սահմանադրական մեծամասնությամբ՝ ¾-ով։ Համամասնական ընտրակարգն ստեղծում է բազմակուսակցական համակարգ, իսկ մեծամասնականը՝ երկկուսակցական։ Համամասնական ընտրակարգի պայմաններում խորհրդարանում ավելի շատ կուսակցություններ են ներկայացված, իսկ արդյունավետ կուսակցությունների թիվն ավելի մեծ է, քան մեծամասնականով և խառը համակարգերի պարագայում։ Համամասնական ընտրակարգով իշխանությունը հիմնականում կոալիցիա է, իսկ մեծամասնական և խառը մեծամասնական համակարգերի պայմաններում՝ գրեթե միշտ միակուսակցական է։
Այն երկրներում, որտեղ կիրառվում են համամասնական ընտրակարգերը, կանանց ներկայացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այն երկրներում, որտեղ կիրառվում են մեծամասնական կամ խառը ընտրակարգերը։ Նաև համամասնական ընտրակարգի պայմաններում կուսակցական բաժանարար գծերն ավելի ամուր են, քան մեծամասնական և խառը համակարգերում։
Համամասնական ընտրակարգի թերությունն այն է, որ ընտրողները հիմնականում քաջատեղյակ չեն, թե ովքեր են կուսակցական ցուցակներով ներկայացված թեկնածուները, և նրանք, սովորաբար, որոշում են կայացնում ըստ առաջնորդների նկատմամբ ունեցած վերաբերմունքի։ Այդ իսկ պատճառով ընտրվածների մեջ կան այնպիսիք, որոնց գործառույթը, ըստ էության, միայն քվորումի ապահովումն է ու քվեարկությանը մասնակցելը։ Նաև, երբ կուսակցությունների ներքին կազմակերպումը ժողովրդավարական չէ, կուսակցական ցուցակները կազմում է բացառապես կուսակցության ղեկավարությունը, ոչ թե` կուսակցության անդամները։ Նկատենք նաև, որ երկրում եթե քաղաքական պառակտում լինի, ներկայացուցչական մարմինը նույնպես բազմազան կլինի, ինչը կարող է հանգեցնել քաղաքական անկայունության։
Չմոռանանք նաև ընտրական շեմի մասին։ Դա կուսակցության ցուցակի ստացած ձայների նվազագույն տոկոսն է, որը թույլ է տալիս կուսակցությանը մասնակցել մանդատների բաշխմանը։ Ընտրական շեմի առկայության դեպքում թույլ կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարող մտնել օրենսդիր մարմին։
Ինչ է փոխվել, և ինչպիսին են լինելու 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցել են խառն ընտրակարգով։ 120 պատգամավոր ընտրվել է համամասնական ցուցակներով, իսկ 30 պատգամավոր՝ մեծամասնականով։ Եթե ավելի պարզ բացատրենք, ապա՝ երկու կուսակցություններ եթե մասնակցեին ընտրություններին և ստանային հավասար ձայներ, ապա յուրաքանչյուր կուսակցություն համամասնական ցուցակից կվերցներ 60-60 պատգամավոր։ Մնացած 30 պատգամավորները կընտրվեին մեծամասնականով, և եթե մեկ կուսակցություն հաղթեր բոլոր ընտրատարածքներում, ապա խորհրդարանում կունենար լրացուցիչ 30 պատգամավոր։ Ըստ այդմ, չնայած 50 տոկոս աջակցությանը, նա կտիրանար խորհրդարանական մանդատների 2/3-ին։
2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Գործող օրենսդրությամբ լինելու է 5 տոկոս շեմ։ Խորհրդարանում կլինեն այն կուսակցությունների պատգամավորները, որոնք կհավաքեն ընդհանուր ձայների առնվազն 5 տոկոսը, իսկ մնացած կուսակցությունների մանդատները կվերաբաշխվեն օրենքով սահմանված կարգով։
Նշենք, որ 11-րդ գումարման խորհրդարանում քաղաքական կուսակցություններին արգելված է դաշինքներ կազմել։ Այն քաղաքական կուսակցությունները, որոնք չեն կարող հաղթահարել 5 տոկոսի շեմը, կմնան առանց մանդատի: Նրանց փոխարեն, համամասնական ընտրակարգին համապատասխան, մանդատները կբաշխվեն անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։
Ավելի պարզ եթե ասենք, ապա քաղաքական կուսակցության ստացած մանդատների թիվը որոշելու համար նրա ստացած ձայների թիվը բազմապատկվում է 150-ով և բաժանվում է այն կուսակցությունների ձայների թվի վրա, որոնք ստացել են ընտրություններին մասնակցող ընտրողների փաստացի ձայների առնվազն 5 տոկոսը։ Ստացված ամբողջ թիվը քաղաքական կուսակցության ստացած մանդատների քանակն է։ Եթե կուսակցությունների ստացած մանդատների թիվն ընդհանուր հաշվով 150-ից պակաս է, ապա չբաշխված մանդատները հաջորդաբար կստանան ավելի լավ արդյունքներ ունեցող կուսակցությունները։
Այստեղ նկատենք, որ Վրաստանի «Ընտրական օրենսգրքում» իշխող կուսակցության կատարած փոփոխություններով հնարավոր է պարզել, թե որ շրջանի «պատվիրակներն» են համամասնական ընտրական ցուցակներում խորհրդարանի պատգամավորության թեկնածուները։ Նոր փոփոխությամբ կուսակցությանն իրավունք է տրվում կուսակցական ցուցակի ստեղծման ժամանակ խորհրդարանի անդամության թեկնածուին ընտրատարածքում (կամ` ընտրատարածքներում) գրանցված ընտրողների «պատվիրակ» սահմանել:
Կուսակցության ցուցակում խորհրդարանի անդամության թեկնածուի կողքին նշվում է այն ընտրատարածքի համարը, որտեղ նա առաջադրվում է որպես գրանցված ընտրողների «պատվիրակ»։
Ընդդիմությունն ընտրատարածքներում և մունիցիպալիտետներում փոփոխությունները որակում է «Վրացական երազանք»-ի թեկնածուներին տեղական ֆեոդալներ դարձնելու փորձ։ Տարիների ընթացքում Վրաստանում ընտրական գործընթացին հետևող հասարակական կազմակերպությունները նշել են, որ «պատվիրակների» մասին արձանագրությունը թեև հստակ իրավական խնդիր չի պարունակում, բայցև` քաղաքականապես խնդրահարույց է։ «Վրացական երազանք»-ն ասել է, որ այսկերպ ընտրողներին հնարավորություն կտրվի իրենց ներկայացուցիչներին տեսնելու կուսակցության ցուցակում։