Վրաստանի նախագահական նստավայրում օգոստոսի 5-ին կայացած ճեպազրույցում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հարցրել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի թեկնածուի առաջադրման խնդրի մասին:
Հարցին ի պատասխան` Զուրաբիշվիլին ասել է, որ երկիրը մեկ տարի պետք է ղեկավարի տեխնիկական կառավարությունը։ Նախագահն ընդգծել է՝ ով այսօր կարծում է, թե ինքն է լինելու վարչապետը, ասեմ, որ այդպես չի լինելու:
Զուրաբիշվիլին խոսել է նաև Վրաստանում և այլ երկրներում քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահության բացակայության մասին։ Նախագահը սրա լուծումը տեսնում է իր ստեղծած «Վրացական խարտիա»-ում ներառված կետերից մեկում: Ըստ այդ կետի՝ ընտրություններում իշխող «Վրացական երազանք»-ի իշխանության պարտության դեպքում կձևավորվի տեխնիկական կառավարություն, որը մեկ տարի հետո կապահովի նոր, արդար արտահերթ ընտրություններ:
Ըստ Զուրաբիշվիլիի՝ վստահություն կառաջանա, եթե հասարակությունը կառավարությունում տեսնի «ոչ քաղաքական դեմքեր, նոր դեմքեր, այն` ինչ կոչվում է փորձագետների կառավարություն», որը Վրաստանը չի արել` ի տարբերություն եվրոպական շատ երկրների։ «Երբ խոր ճգնաժամ է լինում, սա այն լուծումն է, որի միջոցով կարճ ժամանակի ընթացքում այս կառավարությունը կհաղթահարի ճգնաժամը, կոնսենսուս կձևավորվի, ինչը դժվար գործընթաց է, բայց մենք կարող ենք դա անել»,- ասել է նա:
Նախագահը որպես հիմնական խնդիրներ, որոնք պետք է իրականացվեն մեկ տարվա ընթացքում, նշել է Եվրամիության կողմից Վրաստանի առջև դրված ինը քայլերը։
Նախագահի խոսքով, «Վրացական խարտիա»-ն ստեղծվել է առաջին հերթին ընդդիմադիր ուժերի կողմից։
Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիան»՝ եվրատլանտյան ուղին փրկելու միջոց. կարծիքներ