Վրաստանի հանրային հեռարձակման «Առաջին ալիք»-ի, իշխանամետ «Իմեդի»-ի և POSTV-ի լրագրողները չեն մասնակցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում օգոստոսի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցին։
Ներկա լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց առաջ Զուրաբիշվիլին ուշադրություն է հրավիրել այդ խնդրի վրա։
«Այստեղ երկու ալիք ներկա չէ։ Առանց բացառության, բոլորը հրավիրված են եղել թե՛ մարզերից, թե՛ Թբիլիսիից։ Ես կընդգծեմ հատկապես Հանրային հեռարձակողին, որին մենք արդեն երրորդ անգամ հրավիրել ենք տարբեր ձևաչափերով (չի եկել — հեղ)։ Մի անգամ մեզ ասացին, որ իրենց մասնակցությունը հնարավոր չէ, եթե դա բոլորի համար չէ, երկրորդ անգամ՝ առանձին հարցազրույցի ժամանակ, երրորդ անգամ՝ այսօր։ Մեզ երեք անգամն էլ մերժել են։ Կարծում եմ՝ սա իրենց կանոնադրության խախտում է»,- ասել է նախագահը, իսկ ավելի ուշ հավելել է.«Հանրային հեռարձակողն այսօր անկախ չէ»։
Ուշագրավ է, որ Վրաստանի «Հեռարձակման» օրենքի համաձայն, Հանրային հեռարձակողը՝ «Առաջին ալիք»-ը, պարտավոր է պահպանել իր խմբագրական անկախությունը, լուրերը հաղորդել արդար և անաչառ։ Միաժամանակ, ներքին խմբագրական օրենսգիրքը պարտավորեցնում է այդ ալիքին, որ հեռուստահաղորդումներ ստեղծողները չանտեսեն այն կարևոր տեղեկությունները, որոնց իրենք համամիտ չեն։