Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով` զարմանալի չէ, որ ԱՄՆ-ն արձագանքել է Վրաստանի կառավարության գործողություններին։ Նստավայրում կայացած ճեպազրույցում «Ամերիկայի ձայն» հեռուստաընկերության լրագրողին նա ասել է, որ դա անսպասելի չպետք է լիներ նաև կառավարության համար։
«Ցավում եմ որպես Վրաստանի նախագահ: Երկու բան կա, որ չեմ հասկանում, մնացած ամեն ինչը ճիշտ է, մենք պետք է ընդունենք դա, հասկանանք և հնարավորինս շուտ շտկենք: Ես չեմ հասկանում բյուջեի կրճատումները մեր զինվորականների համար և Լուգարի լաբորատորիայի ֆինանսավորման սահմանափակումը, եթե, իհարկե, դա ճիշտ է»,- ասել է Վրաստանի նախագահը։
Նա նշել է նաև, որ երկրի գլխավոր հենասյուներից մեկը բանակն է, որի ստեղծման գործում մեծ ներդրում ունի ԱՄՆ-ն։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ բազմաթիվ ուղղություններ կան, որոնց պատճառով իշխանությունը կարող է և պետք է պատժվի, բայց վրացական բանակը, որով պայմանավորված է մեր պետության պաշտպանությունը, չի կարող պատժվել, մանավանդ որ` ամբողջությամբ ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքն օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։
Օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական աջակցությունը, Եվրամիությունն արդեն դադարեցրել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, ինչպես նաև ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը։