Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) Թբիլիսիից պահանջում է ադրբեջանցի լրագրող, Azel.tv-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին արտահանձնման կալանքից անհապաղ ազատել:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը չարտահանձնել Սադիգովին Ադրբեջանին և նրան թույլ տալ` դուրս գալ Վրաստանից»,- X սոցիալական ցանցում գրել է IPI-ն:
Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովը Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:
Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակում է կեղծիք և ասում, որ Ադրբեջան արտահանձնելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովին հետ։
Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։
Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում իրեն այլևս ապահով չի զգում։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։