Վրաստանի կառավարությունը նախատեսում է Քութայիսիում գտնվող խորհրդարանի նախկին շենքում տեխնոլոգիական հանգույցը (հաբը) բացել մինչև 2025 թվականը: Այդ նպատակով էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության բյուջեից երկու տարվա համար պետք է հատկացվի 12 մլն լարի. հրամանագիրը հրապարակվել է օգոստոսի 1-ին։
Նախարարությունից հայտնել են, որ համալիրը, որը տեղակայված կլինի խորհրդարանի նախկին շենքում, կներառի ինտերակտիվ գիտության թանգարան, միջազգային տեղեկատվական (IT) դպրոց, կոնֆերանսների տարածք, վրացական արհեստական ինտելեկտի զարգացման հզոր տվյալների կենտրոն և այլն:
«Քութայիսին և նախկին խորհրդարանի շենքը իդեալական վայր են տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույցի գործարկման համար։ Մի կողմից` միջազգային օդանավակայանի և տեխնոլոգիական բարձրագույն ուսումնական հաստատությունների մերձակայքում գտնվելը, մյուս կողմից՝ նման լայնածավալ նախագծի համար եզակի տարածքը շատ շուտով Քութայիսին կդարձնեն գիտատեխնիկական և IT բիզնես գրավչության կենտրոն»,- հայտնել են նախարարությունից:
Ուշագրավ է, որ 2022 թվականի դեկտեմբերին, այդ ժամանակահատվածի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել էր Վրաստանում IT հաբի բացման մասին։ Ղարիբաշվիլին ասել էր, որ այդ հարցով աշխատում են հրեական ընկերություններից մեկի հետ:
Նշենք, որ Քութայիսիի խորհրդարանի նախկին շենքը 2018 թվականից չի գործում։ Քութայիսիում խորհրդարանի թափանցիկ շենքը կառուցվել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք։
Այդ շենքում մշտապես աշխատել է միայն 2012 թվականի գումարման խորհրդարանը, իսկ հետո օրենսդիր մարմինը շարունակել է աշխատանքը Թբիլիսիում՝ արդեն իսկ Ռուսթավելիի պողոտայում գտնվող շենքում: