2024 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Facebook և Instagram սոցիալական ցանցերում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա ներկայացուցիչների գովազդի վրա ծախսված գումարը գերազանցել է 100 հազար ԱՄՆ դոլարը։ Այդ տվյալները հրապարակել է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը:
Ըստ ISFED-ի՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում վրաց լսարանի համար Facebook-ում և Instagram-ում տեղադրվել է 358 հազար 035 ԱՄՆ դոլարի քաղաքական և սոցիալական գովազդ, ինչը 78 տոկոսով ավելի է նախորդ եռամսյակում ծախսված գումարից։
ISFED-ի մոնիտորինգի համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում քաղաքական սուբյեկտների գովազդի գծով ծախսերն աճել են 71 տոկոսով և հասել 165 հազար ԱՄՆ դոլարի։
ISFED-ի գնահատմամբ՝ նշված աճը մեծապես պայմանավորված է իշխող կուսակցության ներկայացուցիչների ռեկորդային բարձր ծախսերով։
Մասնավորապես, նախորդ եռամսյակի համեմատ գրեթե կրկնապատկվել են իշխող կուսակցության և նրա առանձին ներկայացուցիչների էջերի գովազդային ծախսերը, որոնք ապրիլ-հունիս ամիսներին գերազանցել են 100 հազար ԱՄՆ դոլարը։ «Վրացական երազանքի» և նրա ներկայացուցիչների գովազդի վրա ծախսված գումարի բաժինը կազմել է բոլոր քաղաքական սուբյեկտների ծախսերի մոտ 2/3-ը։
Դրան զուգահեռ կրկնապատկվել են «Լեոն Վրաստանի համար» կուսակցության և նրա ներկայացուցիչների էջերի գովազդային ծախսերը (33 հազար 211 ԱՄՆ դոլար)։ Այդ գումարի 82 տոկոսը ծախսվել է քաղաքական միության նախագահ Մամուկա Խազարաձեի պաշտոնական կայքում տեղադրված գովազդի վրա։
ISFED-ը նշել է՝ ի տարբերություն այս երկու կուսակցությունների, նախորդ եռամսյակի համեմատ «Ռազմավարություն Աղմաշենբելի» և նրա առաջնորդ Գիորգի Վաշաձեի պաշտոնական էջերի գովազդային ծախսերը զգալիորեն նվազել են՝ կազմելով 7 084 ԱՄՆ դոլար։ Ընդդիմության մյուս ներկայացուցիչները, ըստ «Մետա»-ի (Facebook) հարթակներում գովազդային արշավի համար ընդհանուր առմամբ ծախսել են 20 հազար ԱՄՆ դոլարից պակաս։
Ըստ ISFED-ի՝ գովազդային ծախսերի կտրուկ աճը հիմնականում կապված է իշխող կուսակցության կողմից վերսկսած և ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («ռուսական օրենք») օրենքի հետ։ Նշվում է, որ օրենքի նախագծին աջակցելու գովազդային արշավն իրականացվել է Վրաստանի իշխող կուսակցության, վարչապետի և կառավարության այլ ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերի միջոցով։
Բացի այդ, ըստ ISFED-ի, այս տարվա երկրորդ եռամսյակում կրկնապատկվել է լրատվամիջոցների կողմից «Մետա»-ի գովազդի համար վճարվող գումարը։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում վրացական լրատվամիջոցների ֆեյսբուքյան և ինստագրամյան գովազդների շարքում հիմնական ծախսերը արվել են կառավարամետ լրատվամիջոցների՝ POS TV-ի, Imedi-ի և Newshub-ի (նախկին Pia.ge) վրա։