«Օտարերկրյա ազդեցության» օրենքի ուժի մեջ մտնելու լույսի ներքո Եվրամիությունը քննարկում է Վրաստանին տրամադրվող օգնությունը դադարեցնելու հարցը։ Այդ մասին իսպանական Europa Press հրատարակության հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։
Ստանոն նշել է, որ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը «լրջորեն մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով», իսկ վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելը «հետընթաց քայլ է» երկրի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։
Ըստ Ստանոյի՝ կարճաժամկետ հեռանկարում Եվրամիությունն արդեն կրճատել է քաղաքական շփումները վրացի պաշտոնյաների հետ՝ «բացառությամբ նրանց, ովքեր կենտրոնացած են ստեղծված իրավիճակից ելք գտնելու վրա»։
«Մենք դիտարկում ենք (Վրաստանի-հեղ.) կառավարությանը մեր ֆինանսական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը»,- ասել է Ստանոն՝ նշելով, որ Եվրամիությունն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» շրջանակներում։
Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդգծել է՝ Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարություններն անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին։
Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Նշենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Իշխող թիմի հակաարևմտյան քայլերը վնասում են Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերություններին