Վրաստանում ԶԼՄ-ների ազատության վիճակը վատթարացել է. RSF

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է ԶԼՄ-ների ազատության 2024 թվականի վարկանիշը, ըստ որի՝ Վրաստանում լրատվամիջոցների ազատության վիճակը վատթարացել է, և երկիրը նահանջել է 26 հորիզոնականով։

Վրաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 103-րդ տեղը. 2023 թվականին զբաղեցրել է 77-րդ տեղը։

Իրավիճակի վատթարացման պատճառ կազմակերպությունը նշել է Վրաստանի կառավարությանը։ Մասնավորապես, ինչպես գրել է RSF-ն, երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է բևեռացնել հասարակությունը։

«Երկրի իշխող կուսակցությունը շարունակում է բևեռացնել հասարակությունը, վարում է Մոսկվայի հետ մերձեցման քաղաքականություն և գնալով թշնամաբար է տրամադրում մամուլի ազատության նկատմամբ»,- գրված է զեկույցում։

RSF-ն նշել է՝ ընդհանուր առմամբ, ԶԼՄ-ների ազատությունը անկում է ապրել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որտեղ մամուլի ազատությունը երաշխավորված չէ, և լրատվամիջոցներն ավելի ու ավելի են օգտագործվում որպես ապատեղեկատվական արշավների միջոց:

Ի դեպ, այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, Վրաստանում ուժի մեջ է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած «ռուսական օրենքը» («գործակալների օրենք»)։

Օրենքի համաձայն՝ օտարերկրյա աղբյուրներից իր ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ունեցող ցանկացած հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց հայտարարվում է օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպություն՝ այսինքն «գործակալ»:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ռուսական օրենքը»