2024 թվականի սեպտեմբերից Վրաստանից չվերահսկվող Ախալգորիի շրջանի դպրոցներում ամբողջությամբ կդադարեցվի վրացերենի ուսուցումը։ Տեղեկությունը տարածել է «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտը» (DRI):
Մինչև 2017 թվականը Ախալգորիի դպրոցներում ուսուցումն անցկացվում էր վրացերենով։ Սակայն, օկուպացված շրջանի «կառավարությունը» 2017 թվականին հայտարարել էր, որ աշակերտներին կդասավանդվի ռուսաց լեզվով և ռուսերեն ծրագրով։ Այս տարվա ավարտական դասարանը վերջինն է, որը կրթություն է ստացել վրացերենով։
DRI-ի զեկույցում նշվել է, որ Հարավային Օսիայի, այսպես կոչված՝ անվտանգության ծառայությունը կարող է օգտագործել ստեղծված իրավիճակը ազգությամբ վրացի ուսուցիչներից ազատվելու համար։
«Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը ազգությամբ վրացի է և կրթությունը ստացել է վրացերենով: Ցխինվալիի (Հարավային Օսիա-հեղ.) դե ֆակտո անվտանգության ծառայությունը կարող է օգտագործել այս հանգամանքը՝ էթնիկ վրացի և ոչ լոյալ ուսուցիչներին Ախալգորիի դպրոցներից հեռացնելու համար:
Օրինակ, տեղի բնակչությունը չի հավատում Ախալգորիի դպրոցներից մեկի ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու պատճառ դարձած ռուսաց լեզվի չիմացության փաստարկին։ Ազատման պատճառը համոզիչ չի թվում նույնիսկ այն ֆոնին, որ ուսուցիչը նախկինում առարկան դասավանդել է ռուսերենով, և նրան փոխարինելու «Կագեբեին» մոտ կանգնած մարդ»,- գրված է DRI-ի զեկույցում: