Անակլիայի խորջրյա նավահանգստի ծովային ենթակառուցվածքի շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել բելգիական Jan De Nul ընկերությունը, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Կառավարության նիստում մրցույթի մասին հայտարարություն է արել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բանակցություններից հետո բելգիական ընկերությունը կիրականացնի նավահանգստի ջրային տարածքի խորացման և Անակլիայում ջրահոսքի կառուցման աշխատանքները։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ չորս ընկերություններից երեքն են մասնակցել հայտարարված մրցույթին։
«Բելգիական Jan de Null ընկերությունը հիմնադրվել է 1938 թվականին և նրա շրջանառությունը կազմում է 2,5 միլիարդ եվրո, այնտեղ աշխատում է ավելի քան 7000 մարդ: Ընկերությունը ակտիվորեն ներգրավված է եղել Պանամայի ջրանցքի ընդլայնման նախագիծում, բացի այդ, ծրագրեր է իրականացրել կամ իրականացնում աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Եվրոպայում, Պարսից ծոցում, Աֆրիկայում և այլն»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ արդեն հրավեր է ուղարկվել հաղթող ընկերությանը՝ միջազգային խորհրդատուների ներգրավմամբ՝ պայմանագրի բանակցություններ սկսելու/պայմանագրի ստորագրման համար։
Անակլիա խորջրյա նավահանգստում նախատեսվում է առաջին նավերն ընդունել 2029 թվականին։
Նավահանգստի առաջին փուլի թողունակությունը կկազմի տարեկան 600 հազար կոնտեյներ, իսկ ինդիկատիվ արժեքը՝ 600 միլիոն ԱՄՆ դոլար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Անակլիայի նախագծի զարգացումը հիմնական առաջնահերթություններից է: Այս նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի կապի գործառույթի զարգացման և «Միջին միջանցքում» Վրաստանի գործառույթն ընդգծելու համար:
Հայտնի է նաև, որ Անակլիա նավահանգստի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է պետությանը, իսկ մասնավոր գործընկերը, որը ԱՄՆ-ում պատժամիջոցների ենթարկված չինական ընկերություն է, ունի բաժնետոմսերի 49 տոկոսն ու նավահանգիստը շահագործելու իրավունք:
2024 թվականի մայիսի 29-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ չինական-սինգապուրյան կոնսորցիումը կստանձնի Անակլիա նավահանգստի 49 տոկոսը։
Կոնսորցիումը, որի հետ Վրաստանի կառավարությունը մոտ ապագայում պաշտոնապես կստորագրի Անակլիա նավահանգստի պայմանագիրը, ներառում է.
- China Communications Construction Company Limited-ը (CCCC), որը գրանցված է Չինաստանում,
- China Harbor Investment-ը (CHI), որը գրանցված է Սինգապուրում: Չնայած CHI-ն գրանցված է Սինգապուրում, սակայն չինական պետական ընկերություն է։ Սա հաստատում են նաև էկոնոմիկայի նախարարությունից։
Կարդացեք նաև՝
Կառավարության դեմ «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հայցը չի բավարարվել