Հայ-վրացական կրթամշակութային ֆորում՝ Լոռում

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող հայ-վրացական կրթամշակութային երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել պանելային քննարկում` Հայաստանի և Վրաստանի կողմից երիտասարդության ոլորտում վարվող քաղաքականության, իրականացվող ծրագրերի և համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Հուլիսի 31-ին կայացած քննարկմանը, ՀՀ դեսպանն իր ելույթում ընդգծել է երիտասարդության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության առանցքային նշանակությունը երկու երկրների միջև միջհասարակական կապերի ամրապնդման հարցում և կարևորել այս ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։