Վրաստանի Ճիաթուրայի մունիցիպալիտետի Շուքրութի գյուղի բնակիչներ Գիորգի Նեփարիձեին, Ռոման Մեգրելիշվիլիին և Մալխազ Լաբաձեին, որ արդեն հինգերորդ ամիսն է բողոքի ակցիաներ են անցկացնում Կորոխնալի հանքավայրի մոտ, Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել։
Մեղադրյալների շահերի պաշտպան, «Քաղաքացիական գործունեության կենտրոնի» փաստաբան Վլադիմիր Թութաթելաձեի խոսքով, իրենք գործի նյութերը հանձնել են, իսկ նախադատական գործընթացը Սաչխերեի դատարանում կանցկացվի օգոստոսի 1-ին։
Հետաքննությունը Շուքրութիի բնակիչներին մեղադրում է խմբակային ակցիա կազմակերպելու միջոցով ձեռնարկության աշխատանքը խափանելու մեջ։
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները 2024 թվականի մարտից այլ անձանց հետ միասին նստացույց են կազմակերպել «Մաղարոելի» ՍՊԸ-ին պատկանող Կորոխնալի և Շուքրութի ստորգետնյա հանքերում։ Նշվում է նաև, որ նրանք գտնվում են հանքերի մուտքերի դիմաց և թույլ չեն տալիս աշխատողներին մտնել և աշխատել հանքերում։
Քննության վարկածի համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 07:25-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, «Մաղարոելի» ՍՊԸ-ին պատկանող հանքերի օդափոխման շենքի բակից օդափոխության համակարգի վարորդի հեռանալուց հետո մեղադրյալները շղթայով, մետաղալարերով և կողպեքով փակել են տարածքի մուտքի դուռը, հերթապահ վարորդին թույլ չեն տվել մուտք գործել շենք, ինչը շարունակվում է մինչ օրս։
Դատախազության հաղորդագրության մեջ գրված է, որ նշված արարքով մեղադրյալները դիտավորյալ խափանել են ստորգետնյա հանքերի շահագործման համար կենսական նշանակություն ունեցող օդափոխության համակարգի աշխատանքը, ինչը կարող է հանգեցնել հանքերում ամրացնող նյութի փտմանը, էլեկտրական սարքավորումների վնասմանը, հանքարդյունաբերական զանգվածների փլուզմանը և ամբողջ ստորգետնյա հանքերի կաթվածահարմանը:
Երեք անձանց էլ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով (խմբակային գործողությունների կազմակերպում և դրան ակտիվ մասնակցություն, որն առաջացրել է ձեռնարկության աշխատանքի խափանում), որը նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում։
Գիորգի Նեփարիձեն կտրականապես հերքել է մեղադրանքը և անհեթեթ է համարել դատախազության հայտարարության մեջ նշված փաստերը։ Նեփարիձեի խոսքով՝ հուլիսի 20-ին ընկերության ներկայացուցիչները անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին եկել են Կորոխնալի հանքավայրի մուտքի մոտ և «սադրիչ ճանապարհով փորձել են վերականգնել աշխատանքային գործընթացը»։
Նեփարիձեն ասել է, որ օդափոխության համակարգը, հանքի շահագործման ընթացքում հանքից դուրս է բերում փոշին և արտանետումները, և դրա անջատումը չի վնասում հանքին։
Ի դեպ, Շուքրութի գյուղում ապրող 35 ընտանիքի անդամներ մարտի 14-ից շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում Կորոխնալիի հանքավայրի մուտքի մոտ և պահանջում են կատարել 2021 թվականին «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունից ստացած պայմանները։
2021 թվականին Շուքրութիի բնակիչներն ասում էին, որ «Ջորջիան Մանցանեզ» գործունեության արդյունքում գյուղում կյանքն անհնար է դարձել: Այնուհետ բողոքի ակցիայի մասնակիցները դիմել էին բողոքի ծայրահեղ միջոցի, ոմանք կարել էին բերաններն ու հացադուլ սկսել՝ պահանջելով, որ «Ջորջիան Մանգանեզը» փոխհատուցի շուքրութիցիներին պատճառված վնասը։
Երեք տարի առաջ Շուքրութիում և Թբիլիսիում երկարատև բողոքի ակցիաներից հետո «Ջորջիան Մանգանեզը» ընկերությունը խոստացել և պայմանագրում գրել էր, որ վնասը կգնահատի դատափորձագիտական բյուրոն, սակայն եզրակացություն դեռ չկա։