Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ռուսական օրենքը»

Այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, Վրաստանում ուժի մեջ է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած «ռուսական օրենքը» («գործակալների օրենք»)։

Օրենքի համաձայն՝ օտարերկրյա աղբյուրներից իր ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ունեցող ցանկացած հասարակական կազմակերպություն և լրատվամիջոց հայտարարվում է օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպություն՝ այսինքն «գործակալ»:

Այսօրվանից հենց այդ կազմակերպությունները պարտադիր կերպով պետք է գրացվեն «գործակլաների» ռեեստրում: «Վրացական երազանք»-ը պնդում է, որ օրենքը «թափանցիկություն» ապահովելու համար է, սակայն իրականում, հաշվի առնելով ռուսական և հունգարական գործելակերպը, օրենքը կառավարության համար լծակ է քննադատական ​​կարծիքը ճնշելու համար։

Օրենքը նախատեսում է, որ որպես «օտարերկրյա պետության շահեր կրող կազմակերպության» գրանցման համար հայտարարագիր չներկայացնելը կամ խուսափելը կհանգեցնի 25 հազար լարի տուգանքի։

Օրենքի ընդունված տարբերակի համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավունք կունենա տուգանել բոլոր անձանց, այդ թվում՝ ֆիզիկական անձանց՝ տեղեկատվություն չներկայացնելու համար 5000 լարիով։ Գաղտնի տեղեկատվություն չտրամադրելու համար անհատները ևս կարող են տուգանվել։

Հասարակական կազմակերպությունները պնդում են, որ չեն գրանցվելու «Վրացական երազանք»-ի կողմից առաջարկած «գործակալների» բազայում։

«Ռուսական օրենք»-ի նախագիծն ի սկզբանե նախաձեռնվել էր «Վրացական երազանք»-ի կողմից 2023 թվականի փետրվարին, որին հաջորդեցին լայնածավալ հասարակական բողոքի ակցիաներ։ Բողոքի արդյունքում իշխող կուսակցությունը մարտի 9-ին հայտարարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի նախագիծը հետ կանչելու մասին, իսկ մարտի 10-ին այն տապալվեց լիագումար նիստում։

Օրենքի նախագծի մշակումից հետո իշխող կուսակցությունը պնդում էր, որ այլևս չեն նախաձեռնի «ռուսական օրենքը», սակայն մեկ տարի անց՝ 2024 թվականի ապրիլի 3-ին, իշխող կուսակցությունը կրկին հայտարարեց օրենքը սկսելու մասին։ Ճիշտ նույն օրինագիծը նախաձեռնվել է միակ տարբերությամբ՝ «օտարերկյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտար պետության շահերը կրող կազմակերպություն» տերմինը։

Ինչպես նախորդ տարի, օրենքի նախաձեռնմանը և դրա քննարկումներին հաջորդեցին բողոքի լայնածավալ ակցիաներ։ Հատուկ ջոկատայինները խաղաղ ցուցարարների դեմ կիրառել են ջրցաններ, պղպեղի լսփրեյ և արցունքաբեր գազ։ Ոստիկանությունը դաժանորեն հետապնդել և ծեծի է ենթարկել քաղաքացիներին, քաղաքական գործիչներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Մայիսի 14-ին «Վրացական երազանքը» վերջնականապես ընդունեց «ռուսական օրենքը»։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, որը իշխող կուսակցությունը հաղթահարեց մայիսի 28-ին։

Հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «ռուսական օրենքը» և այդ օրվանից այն կիրարկվել է։

Հունիսի 6-ին Պետդեպարտամենտը վիզային պատժամիջոցներ սահմանեց մի քանի տասնյակ անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են «ռուսական օրենքի» համար:

Խորհրդարանում «ռուսական օրենքի» քննարկման ժամանակ մի շարք միջազգային կազմակերպություններ, արևմտյան գործընկերներ ու բարեկամներ «Վրացական երազանք»-ին կոչ արեցին հետ կանչել օրենքը։ Դրանց թվում Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է քննադատական ​​եզրակացություն:

Հուլիսի 9-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարեց, որ Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին կասեցված է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը։ 

Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։

Նշենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):