Կանանց իրավունքների պաշտպանությունն ու «գործակալների մասին» օրենքը

«Չենք պատրաստվում գրանցվել որպես «գործակալ»,- պնդում են տարիներ շարունակ կանանց իրավական կարգավիճակի բարելավման և ամրապնդման ուղղությամբ աշխատող «Սափարի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Վրաստանում աշխատող բազում հասարակական կազմակերպությունների (ՀԿ) կարծիքով՝ «գործակալների մասին» օրենքը կանանց ու աղջիկներին կթողնի առանց աջակցության, քանի որ նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանում է հասարակական հատվածը։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում էին և՛ 2023, և՛ 2024 թվականներին խորհրդարանում քննարկվող «գործակալների մասին» օրինագծի դեմ Թբիլիսիում անցկացված լայնամասշտաբ բողոքի ցույցերին։

«Մենք չենք պատրաստվում գրանցվել որպես «գործակալ», ինչը մեզանից պահանջում է ռուսական օրենքը, ուստի այս օրենքը եթե ուժի մեջ մնա ընտրություններից հետո, ցավոք, շատ մարդիկ, մեր շահառուները մի շարք ծառայություններից կզրկվեն», — ասաց «Սափարի» կազմակերպության ներկայացուցիչ, հասարակության հետ կապերի մենեջեր Նինա Ագլաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում։

Թե ովքեր կարող են հայտնվել վտանգի առջև, եթե ուժի մեջ մտնի այս օրենքը, և ընտրություններից հետո էլ մնա ուժի մեջ, «Սափարիի» ներկայացուցիչը վստահ է` բնականաբար` կանանց իրավունքների պաշտպանությունը կտուժի․

«Բոլոր այն մարդիկ, ովքեր այս ծառայությունների կարիքն ունեն՝ կանայք, երեխաներ, այդ թվում` նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ կանայք. բոլորին, ում մենք և վրացական այլ հասարակական կազմակերպություններ երկար տարիներ օգնել ենք, կհայտնվեն վտանգի առջև իրենց իրավունքների պաշտպանության և սոցիալական աջակցության առումով»։

ՀԿ-ի նպատակների մասին խոսելով, որը, հավանաբար, նույնպես վտանգված է և կարող է դադարեցնել իր բնականոն աշխատանքը, Նինա Ագլաձեն առանձնացնում է մի քանի կարևոր ուղղություն․

«Մեր կազմակերպությունը՝ «Սափարին», երկար տարիներ օգնում է կանանց, երեխաներին և բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Մենք առաջարկում ենք իրավաբանական ծառայություններ կանանց՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնության հարցերի վերաբերյալ, աջակցելով և ուժ ներարկելելով ճնշված մարդկանց: Մենք իրականացնում ենք հետազոտական ​​և սոցիալական արշավներ։ Ձգտում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որում մարդկանց իրավունքները հավասարապես պաշտպանված լինեն, և յուրաքանչյուր քաղաքացի ունենա հավասար հնարավորություններ հասարակության մեջ»:

Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, և հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։