Զուրաբիշվիլի, թե Իվանիշվիլի. քննարկում են նախագահի թեկնածուի հարցը

Վրաստանյան լարված քաղաքական դաշտում քննարկում են երկրի նախագահի թեկնածուի հարցը: Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հայտարարությունը, թե իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Վրաստանի պատմության լավագույն նախագահը կարող է լինել», տարատեսակ քննարկումների առիթ է դարձել:

«Վրացական երազանք»-ն Իվանիշվիլիին երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու պաշտոնական հայտարարություն չի արել: Ընդդիմադիր ճամբարում, սակայն, չեն բացառում, որ իշխանությունը կփորձի նաև նախագահի անկախ ինստիտուտը «գրավել»:

Արևմտամետ ընդդիմադիր ճամբարում հստակ հայտարարել են՝ ստորագրելով ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Վրացական խարտիան», այդպիսով հավանություն են տվել հենց Զուրաբիշվիլիի թեկնածությանը:

Ուշագրավ է, որ Սալոմե Զուրաբիշվիլին, գործող օրենսդրության համաձայն, ուղղակիորեն՝ ժողովրդի կողմից ընտրված վերջին նախագահն է։ 2024 թվականից նախագահին 5 տարի ժամկետով բաց քվեարկությամբ կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան՝ ներառյալ Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները և Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինները։

Արևմտամետ ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքով, Զուրաբիշվիլին եվրանդամակցության ճանապարհին որոշիչ դեր է ունեցել: Ընդդիմադիր ճամբարում կարծում են, որ Զուրաբիշվիլին բարձր հեղինակություն է վայելում իր միջազգային գործընկերների և Վրաստանի բարեկամ երկրների շրջանում, և տեսանելի են նրա գործողությունները եվրաինտեգրման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Իվանիշվիլիի թեկնածությանը, ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ Իվանիշվիլին վախեցած է, և նախագահի պաշտոնը նրան անհրաժեշտ է անձեռնմխելիության համար՝ սպասվող միջազգային պատժամիջոցներից պաշտպանվելու նպատակով։

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) քաղաքականության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Գիորգի Կոբերիձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ կարևոր է, որ բոլոր պետական ինստիտուտները լինեն ֆունկցիոնալ առողջ և անկախ:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահը ոչ միայն խորհրդանշական կարգավիճակ ունի, նա նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Կոբերիձեի կարծիքով՝ նախագահի ինստիտուտի անկումը և կուսակցական ինստիտուտի վերածումը կվնասի պետությանը։

«Սակայն, թե ով կդառնա երկրի նախագահ, կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտվեն Վրաստանում խորհրդարանական ընտրությունները։ Դեռ վաղ է խոսել նախագահության մասին։ Բիձինա Իվանիշվիլին ընդհանրապես խուսափում է ֆորմալ պարտավորություններից։ Կհամաձայնի նա այս պաշտոնին, թե` ոչ, դեռ հարց է, եթե հաշվի առնենք, որ նախագահն ակտիվ արտաքին քաղաքական գործառույթ ունի։ Թե որքանով Բիձինա Իվանիշվիլին կցանկանա հանձն առնել արտաքին քաղաքականության կողմնորոշումը որոշելու գործառույթը, հարց է»,- նկատեց Կոբերիձեն:

Ի դեպ` չմոռանանք, որ Զուրաբիշվիլին այն նախագահն է, որին իշխանությունը բազմիցս քննադատել է, անգամ՝ իմփիչմենթի փորձ է արել նրա նկատմամբ:

Զուրաբիշվիլին նույնպես բազմիցս ընդդիմացել է իշխող թիմին՝ չստորագրելով հակաժողովրդավարական օրենքները: Նա նաև հստակորեն ասել է, որ իշխող կուսակցությունը ներքաշված է ռուսական խաղի մեջ։ Նրա բնորոշմամբ՝ «Վրացական երազանք»-ը ռուսական երազանք է:

Փորձագետների և արևմտամետ ընդդիմադիրների խոսքով, իր որդեգրած կեցվածքով Զուրաբիշվիլին ցույց է տվել իր անկախությունը: Ուստի ընդդիմությունը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է կուսակցական ազդեցություններից անկախ գերագույն գլխավոր հրամանատար: