Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական բազայի կառուցումը, գրել է առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը:
Ըստ Bellingcat-ի ուսումնասիրած արբանյակային պատկերների՝ շինարարական գործունեությունն արագացել է 2024 թվականի սկզբից, նկատվել է մի քանի նոր շինություն:
Ըստ վերջին տվյալների՝ Օչամչիրեում կառուցվելիք բազայի տարածքում կառուցվել են մի քանի նոր հիմքեր, հավանական շինարարական գործընթացների համար մաքրվել է մի քանի տարածքային միավոր, ստեղծվել է նոր պարագիծ, որը զգալիորեն կմեծացնի բազայի տարածքը։ Նավահանգստից դեպի արևելք մաքրվել է մոտ 36 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ ռազմաբազայով անցնելու են երկաթուղագծերը։ Նաև նկատվել է մեծ բետոնե հիմք (100×40 մետր), որը կառուցվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
Փորձագետների կարծիքով՝ բազան Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ դա ապահով ապաստարան կդառնա ռուսական նավատորմի համար, որը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակի թիրախ է դարձել ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր:
Ռուսաստանը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել Օչամչիրեում ռազմածովային բազայի կառուցման մասին։ Պարզ չեն դեռևս Ռուսաստանի երկարաժամկետ նպատակները բազայի կառուցման առումով:
Հիշեցնենք, որ Օչամչիրե քաղաքի նավահանգստում հուլիսի 10-ին ռուսական ռազմանավ էր հայտնվել:
Ի դեպ, Օչամչիրեում ռուսական ռազմանավի հայտնվելու նախապատմությունը 2023 թվականի հոկտեմբերին հայտարարված Ռուսաստանի ցանկությունն է՝ այնտեղ մշտական ռազմածովային բազա բացել և ռազմական նավատորմ տեղակայել։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային մշտական բազա կստեղծվի:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) իր մտահոգությունն է հայտնել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Օչամչիրե քաղաքում ռուսական ռազմածովային նավատորմի բազան տեղակայելու հեռանկարի առնչությամբ։ ԱԳՆ-ն նշել է՝ նմանատիպ գործողությունները «հերթական սադրիչ փորձն են՝ ուղղված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների անօրինական օկուպացիայի օրինականացմանը»։
Վրաստանի քաղհասարակությունը և վերլուծաբանները Մոսկվայի այս քայլը քննադատել են: Ըստ նրանց՝ ռուսական սևծովյան նավատորմը և դրա ենթակառուցվածքն ուկրաինացիների հարվածների պատճառով են տեղափոխվում Վրաստան. դրանք տեղակայվելու են Վրաստանից չվերահսկվող Գուդաութայում, Սոխումիում և Օչամչիրեում: