Այս տարվա հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ պատմական են որակվում տեխնիկական առումով․ առաջին անգամ Վրաստանում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային սարքերի միջոցով։
Ընտրություններում երկու հիմնական սարք է օգտագործվելու՝ նույնականացման սարք և ձայների հաշվման էլեկտրոնային սարք։
Նույնականացման սարքին «Ալիք Մեդիա»-ն արդեն անդրադարձել է, այժմ ներկայացնում ենք երկրորդ սարքի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տրամադրած տեղեկությունը։
Քվեախցիկում ցանկալի թեկնածուի օգտին քվեարկելուց և այնտեղից դուրս գալուց հետո ընտրողը պետք է քվեաթերթիկը հանձնելու համար մոտենա ձայների հաշվման էլեկտրոնային սարքին։ Ի դեպ, չի թույլատրվում ծալել քվեաթերթիկը որը A4 ֆորմատի է. վերջինս պետք է դնել ծրարի մեջ և ծրարը շրջել՝ քվեարկության գաղտնիությունը պահպանելու համար։
ԿԸՀ-ի փոխանցմամբ` սարքն ունի սքաներ երկու կողմից. այսինքն` եթե նույնիսկ չշրջեք ծրարը, որի մեջ գտնվում է ձեր քվեաթերթիկը, միևնույն է` սարքը կկարողանա հաշվել քվեն, բայց այս դեպքում չի ապահովվի ձեր ընտրության գաղտնիությունը։
Այնուհետև ընտրողը ծրարի օգնությամբ պետք է քվեաթերթիկը սահեցնի ձայների հաշվման էլեկտրոնային սարքի մեջ։
Երբ սարքը կընդունի քվեաթերթիկը, ընտրողը պետք է սպասի մի քանի վայրկյան՝ համոզվելու համար, որ մեքենան իսկապես ստացել է քվեաթերթիկը։ Դրանից հետո ընտրողը պետք է ծրարը թողնի սեղանին և լքի ընտրատեղամասը:
Կարդացեք նաև՝
Ինչպես են ընտրություններն անցկացվելու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ