2021 թվականի օգոստոսի 23-ին Նինոծմինդայի տեղական լրատվամիջոցը՝ Nor.ge-ն, հարցազրույցի է հրավիրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին։ Խոսելով ջրի խնդրի լուծման որոշակի ժամկետների մասին` Կյուրեղյանը նշել է, որ մինչև 2022 թվականի գարուն, հավանաբար, խնդիրը կլուծվի։
«Լինելով ջրային ռեսուրսներով շատ հարուստ մունիցիպալիտետ` մենք այսօր ջրի խնդիր ունենք։ Ջրի խնդրի հիմնական պատճառն այն է, որ բոլորս էլ ջուրն օգտագործում ենք անխնա։ Պետք է հատուկ ջրաչափեր տեղադրել։
Ես համոզված եմ, գուցե մեր հանրությունը իմ ասածը չընդունի, որովհետև գիտեմ` հիմա մեզ լսողներն ասելու են, թե այդ ջուրն ուզում են մեզանից կտրել, ջրաչափեր տեղադրել… Հիմա կարող է չընդունեն, բայց իրականում այդպես է. երբ պարտաճանաչ քաղաքացին ջուրը չափավոր է օգտագործում, բայց նրա հարևանը չարաշահում է ջրի օգտագործման չափը, բնականաբար` և՛ ինքն է տուժում, և՛ մյուսը։ Կգա մի պահ, երբ ջրային տնտեսությունը կտնօրինի մունիցիպալիտետը, ժողովուրդը կսկսի չափավոր օգտագործել ջուրը, և նույնիսկ մունիցիպալիտետը կարող է եկամուտներ ստանալ դրանից», — nor.ge-ին ասել է Կյուրեղյանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սումբատ Կյուրեղյանը, խոսելով ջրի խնդրի լուծման որոշակի ժամկետների մասին, նշել է, որ խնդիրը հնարավոր է լուծել մինչև 2022 թվականի գարուն։
Այս խնդրի կապակցությամբ տեղական լրատվամիջոցների հետևողական անդրադարձներից կարելի է հետևություն անել, որ ջրի խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվել մինչև 2024 թվականը։
Այս տարի՝ 2024 թվականին, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության միացյալ ջրամատակարարման ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի, Կաթնատու և Օրոջոլար գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները։
«Ջրամատակարարող ընկերության տեղեկություններով՝ ընթացիկ ծրագրի շրջանակներում կվերականգնվեն նոր և գործող հիմնական շենքերը, Նինոծմինդա քաղաքի գլխավոր խողովակը, երկու ջրամբարները, ինչպես նաև Կաթնատու, Մեծ Խանչալի, Օրոջոլարի գյուղերի և Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ցանցը և շարունակական ջրամատակարարման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:
Այսօրվա դրությամբ ֆիզիկական աշխատանքների 10 տոկոսից ավելին արդեն ավարտված է։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի վերջը։
Ինչպես հայտնում են ջրամատակարար ընկերությունից, շինարարական աշխատանքների ավարտից հետո Նինոծմինդա քաղաքի և քաղաքապետարանի կազմում ընդգրկված երեք գյուղերի ընդհանուր թվով 7400 շահառուներ կապահովվեն 24-ժամյա ջրամատակարարմամբ՝ ժամանակակից չափանիշներով։ Նախագծի համար պետբյուջեից կտրվի 40 մլն լարի»,- նշված է տեղեկատվության մեջ։
Թեև Կյուրեղյանը կարծում էր` մինչև 2022 թվականը կլուծվի Նինոծմինդայի ջրամատակարարման խնդիրը, բայց մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել։ Ճիշտ է, սկսել են այս տարի, սակայն բնակիչներն ասում են, որ աշխատանքները բնականոն ռիթմով չի ընթանում, ճանապարհները երկար ժամանակ քանդված ու փորված են, ինչը խոչընդոտում է բնակիչների նորմալ տեղաշարժը։
Փաստորեն, 2021 թվականին տրված խոստումը, որ ջրի խնդիրը պետք է լուծվի մինչեւ 2022 թվականը, չի կատարվել։ Ավելին, այսօր էլ՝ 2024 թվականին, բնակիչները չգիտեն, գաղափար չունեն, թե երբ կավարտվեն և ինչ չափով կկատարվեն այդ աշխատանքները։
Չնայած սկսված աշխատանքներին, Կյուրեղյանի խոստումը չի կարելի կատարված համարել, քանի որ, ըստ նրա, 2021 թվականին տրված խոստումը պետք է կատարվեր 2022 թվականին, բայց, ինչպես վերը նշեցինք, ջրամատակարարման խնդրի լուծումը սկսվել է 2 տարի ուշացումով` 2024 թվականին, և դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվի։