Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցութունն այս ողջ ընթացքում ամեն ինչ արել է եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու, սաբոտաժի ենթարկելու և դավադրության դեռևս չլսված տեսություններ տարածելու համար, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում, ամփոփելով հուլիսի 29-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարությունում Եվրամիության 9 քայլերի իրականացման վերաբերյալ հանդիպումից հետո Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ասունսիոն Սանչես Ռուիսի հայտարարությունը, ասացին վրացի որոշ փորձագետներ:
Հանդիպումից հետո Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ասունսիոն Սանչես Ռուիսը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը բարձրաձայնվել են ԵՄ անդամ 27 երկրների դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայումս կասեցված է։
ԱԳՆ-ից հայտնել են, որ դիվանագետների հետ քննարկել են Եվրամիության հետ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ ինը քայլերի կատարման խնդիրները։
Փորձագետները նշում են նաև, որ ԵՄ-ն, ստեղծված իրավիճակից անկախ, փորձում է վերջնականապես չխզել կապն իր թեկնածու երկրի հետ՝ հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակը։
Եվրամիությունը նաև կարծում է, որ, չնայած կառավարության ավել կամ պակաս հակաարևմտյան կեցվածքին, իրավիճակը շտկելու հնարավորություն դեռ կա, եթե Վրաստանի կառավարությունը փոխի Ռուսաստանին շահավետ քաղաքական կուրսը և չեղարկի «ռուսական օրենքները», «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Գիորգի Կոբերիձեն:
Դրանից զատ, ըստ նրա՝ կարևոր է նաև ազատ և արդար ընտրությունների հարցը։ Ըստ այդմ, Եվրամիությունը ձեռքը չի թափահարել Վրաստանի վրա, ինչը լիովին սպասելի էր։
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին կարծում է, որ Ռուիսի հայտարարությունն սպասելի էր, քանի որ իշխող «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան քաղաքականությունն օրըստօրե սրվում է: Ըստ նրա՝ Վրաստանի թեկնածուի կրագավիճակի կասեցման պատճառն իշխող թիմի նախաձեռնած և ընդունած «ռուսական օրենքներն» են (նկատի ունի և՛ «գործակալների օրենքը», և մյուս հոմոֆոբ ու հակաժողովրդավրական օրենքները — հեղ.):
«Դրա պատճառով ենք ասում, որ սպասվում են ընտրություններ եվրոպական և ռուսական ուղիների միջև: Այս ամենը տեսնում են ընտրողները և եվրատլանտյան ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիները»:
Կոբերիձեն նաև հավելեց. «Վրաստանը յուրօրինակ պատուհան է տարածաշրջանում, որտեղ եվրոպական գաղափարներն ու քաղաքականությունը տարածվում են Վրաստանով։ Եվ հիմա, երբ Հայաստանը նույնպես փորձում է հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանից, դա մեծացնում է Վրաստանի դերը տարածաշրջանում՝ որպես դեպի Եվրոպա տանող ճանապարհի միակ դարպաս»:
Հիշեցենք. 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, որի համար ինը քայլ է սահմանվել անդամակցության բանակցություններ սկսելու համար։
Այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը մի քանի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ ընդունեց «գործակալների օրենքը», գործընկեր երկրները նշեցին, որ Վրաստանի եվրաինտեգրումը կասեցվել է։
Հիշեցնենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Դանիան ևս դադարեցրել է Վրաստանի հետ 4-ամյա ռազմական համագործակցությունը, որի բյուջեն կազմել է մոտավորապես 71,5 մլն դանիական կրոն (ավելի քան 28 մլն լարի)։
Ի դեպ, Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը: