Եվրամիության կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիր «Erasmus+»-ի մասնակիցներից Ժաննա Չոգանդարյանն Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից է, միաժամանակ երկու համալսարանների ուսանողուհի է. Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանում ուսումնասիրում է օտար լեզուներ, մասնավորապես՝ անգլերեն, իսկ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում (GIPA) սովորում է թվային մեդիայի և հաղորդակցության բաժնում։
«Erasmus+» ծրագրին մասնակցության ցանկություն Ժաննան վաղուց ուներ, երբ դեռ նույնիսկ ուսանողուհի չէր։ Այս տարի, տեղեկանալով հայտերի ընդունման մասին, նա որոշեց հայտ ներկայացնել, որից հետո, ընդգրկվելով ծրագրում, 10 օրով մեկնեց Գերմանիա, և ինչպես ինքն է ասում` անկախ այն հանգամանքից, որ ծրագիրը կարճաժամկետ էր, միևնույն է՝ արդյունքն ու ծրագրին մասնակցության կարևորությունը զգալի են եղել, և եթե ապագայում լինի ևս մեկ անգամ մասնակցելու հնարավորություն, ապա՝ կմասնակցի։
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, պատմելով մասնակցության իր մոտիվացիայի մասին, Ժաննան նշեց, որ տեղեկանալով Եվրոպական պետություններում ուսուցման աստիճանի ու ձևաչափի մասին` նրա մոտ մեծ ցանկություն է առաջացել մասնակցելու ծրագրին, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հաստատել նորանոր ծանոթություններ տարբեր ազգության ներկայացուցիչների հետ։
«Վերադարձել եմ շատ լավ տպավորություններով, քանի որ ամեն ինչ անցել է շատ լավ ու արդյունավետ։ Սա իմ առաջին այցն էր Եվրոպա, և ծրագրին մասնակցելուց հետո ինձ մոտ կրկնապատկվեց ճամփորդելու մղումն ու մեծ ցանկություն առաջացավ ևս մեկ անգամ մասնակցելու «Erasmus+»-ին», — պատմեց Ժաննան:
Ժաննան մեծ հույս ունի, որ Վրաստանը նույնպես կդառնա ԵՄ անդամ պետություն:
«Ես շատ մեծ հույս ունեմ, որ Վրաստանը կդառնա ԵՄ անդամակից պետություն, քանի որ Վրաստանի ապագան Եվրոպան է, ու կասկած անգամ լինել չի կարող,որ դա շատ կարևոր է ու անհրաժեշտ», — վստահ է Ժաննան:
Նրա կարծիքով` ԵՄ անդամակցությունը դրական կանդրադառնա ոչ միայն աշխատանքային ու սոցիալ-տնտեսական ոլորտների, այլև կրթական ոլորտի վրա՝ առավել կբարելավվի ուսման մակարդակն ու, բացի այն իրողությունից, որ ուսանողների համար կհեշտանա եվրոպական երկրներում կրթություն ստանալը, կկարողանան նաև իրենց առաջընթացն ապահովել այնտեղ։
Ի դեպ, «Erasmus+» ծրագիրը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որը տալիս է եվրոպական մի շարք երկրներում անվճար կրթություն ստանալու հնարավորություն։ Մասնակիցները բարձր են գնահատում ԵՄ կրթական համակարգն ու հույս հայտնում, որ եթե Վրաստանը դառնա ԵՄ անդամակից պետություն, ապա նմանատիպ ծրագրերն էլ ավելի կզարգանան։
Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան, ստաժոր