Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Տեղեկությունը հաղորդել են կառավարության աշխատակազմից:
«Կառավարության ղեկավարը պաշտոնական հրավեր է ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ մասնակցելու երդմնակալությանը։ Արարողությանը, որը տեղի կունենա Իրանի Մեջլիսում, կմասնակցի 70 օտարերկրյա պատվիրակություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վարչապետի հետ Իրան կմեկնի նաև առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Հիշեցենք. կիրակի օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Փեզեշքիանին՝ որպես նոր նախագահ և ուղղորդել է նրան կենտրոնանալ Իրանի հարևանների, այլ ոչ թե արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա:
69-ամյա Փեզեշքիանը հուլիսի 6-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը: Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին ավիավթարի հետևանքով նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո: Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։
Նշենք նաև, որ Կոբախիձեն մասնակցել էր Ռայիսիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: