Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարությունում հուլիսի 29-ին Եվրամիության 9 քայլերի իրականացման վերաբերյալ հանդիպում է կայացել: ԱԳՆ-ից հայտնել են, որ դիվանագետների հետ քննարկել են Եվրամիության հետ բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ ինը քայլերի կատարման խնդիրները։
«Դիվանագիտական ներկայացուցիչները տեղեկացվել են Վրաստանի կողմից իրականացվող գործունեության, այսպես կոչված՝ ինը քայլերի մասին, բարեփոխումների մասին, որոնք կարևոր են ինը քայլերի իրականացման համար»,- հանդիպումից հետո ասել է փոխարտգործնախարար Թեիմուրազ Ջանջալիան։
Նախարարությունը լրատվամիջոցներին տեղեկատվություն չի տրամադրել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել դիվանագետների հետ։
Հանդիպումից հետո Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Ասունսիոն Սանչես Ռուիսը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը բարձրաձայնվել են ԵՄ անդամ 27 երկրների դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայումս կասեցված է։
«Մենք նշեցինք Հանձնաժողովի եզրակացությունը, որն ընդունվել է Եվրամիության 27 անդամ երկրների կողմից հունիսի 27-ին, որտեղ Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնում Վրաստանում վերջին իրադարձությունների զարգացման կապակցությամբ։ Մասնավորապես` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի առնչությամբ, որը հետընթաց է Վրաստանի անդամակցության ճանապարհին, խոչընդոտում է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին, և, ինչպես հայտարարել են առաջնորդները, իշխանություններին կոչ են անում հետ կանգնել այդ ուղուց, որը դե ֆակտո հանգեցնում է Եվրամիությանը Վրաստանի միացման գործընթացի կասեցմանը»,- ասել է Ասունսիոն Սանչես Ռուիսը:
Նա նաև ասել է՝ ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են Վրաստանի կառավարության մտադրության մասին, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը. «Ինչին մենք պատասխանեցինք, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայումս կասեցված է, ղեկավարները դրա մասին պայմանավորվել են հունիսի 27-ին։ Մենք բարձրաձայնել ենք անդամ 27 երկրների դիրքորոշումը, որը բավականին համոզիչ է»:
Ասունսիոն Սանչես Ռուիսը նաև հավելել է՝ ինչպես հունիսին արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ ասել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ-ն սառեցրել է 30 միլիոն եվրոյի օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից. «Ինչպես նաև կրճատել ենք բարձր մակարդակի հանդիպումները: Քննարկվում է նաև կառավարությանը մեր օգնության հարցը։ Այլ հայտարարություններ կարվեն ապագայում:
Հիշեցենք. 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, որի համար ինը քայլ է սահմանվել՝ անդամակցության բանակցություններ սկսելու համար։
Այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը մի քանի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ ընդունեց «գործակալների օրենքը», գործընկեր երկրները նշեցին, որ Վրաստանի եվրաինտեգրումը կասեցվել է։
Վրաստանի քայլերը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին