Բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտի և եվրոպական հաստատություններում ինտեգրվելու Վրաստանի ցանկության ֆոնին նույնիսկ փոքր նախաձեռնությունները կարող են էական նշանակություն ունենալ: Նշյալ համատեքստում ներկայացնում ենք ֆերմեր, «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի վարչության նախագահ Մախարե Մացուկատովի գործունեությունը։ Նա աշխատում է իր աճեցրած կարտոֆիլի որակի բարելավման, հին և ավանդական մեթոդների բարելավման ուղղությամբ, ինչն ավելին է, քան պարզապես գյուղատնտեսական ծրագիրը: Մացուկատովն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կարող են տեղական ձեռքբերումներն էական ազդեցություն ունենալ ազգային ռազմավարության վրա:
Եվրաինտեգրման գործընթացում, երբ երկրները հարմարվում են Եվրամիության խիստ չափանիշներին և պահանջներին, այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են Մախարեի իրականացրած նախագծերը, ուղենշում են երկրի հարմարվելու և զարգանալու հաստատակամությունը: Բարձրորակ արտադրանքի վրա կենտրոնացումը և միջազգային պահանջներին համապատասխանեցումն օգնում են ոչ միայն տեղական/Վրաստանի ապրանքների առաջխաղացմանը դեպի եվրոպական շուկաներ, այլև ամրապնդում են երկրի դիրքերը միջազգային ասպարեզում:
««Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի նպատակների իրագործման ուղղությամբ սկսել ենք աշխատել 2013 թվականին։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Ախալքալաքն իր կլիմայական պայմանների շնորհիվ արտադրում է երկրի կարտոֆիլի մեծ մասը։ Մարդիկ վստահում էին Ախալքալաքի կարտոֆիլի որակին, և դրա պատճառով շատերն օտար երկրներից ներմուծած կարտոֆիլը վաճառում էին որպես Ախալքալաքի կարտոֆիլ, իսկ դրա դեմ մենք որևէ իրավական լիազորություն չունեինք», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցն այսպես սկսեց Մացուկատովը։ Այդ խնդիրն «Ախալքալաքի կարտոֆիլի» պատենտավորման նախապայմաններից մեկն էր, որը գրանցվել է 2016 թվականին` որպես «աշխարհագրական ծագման արդյունք»։
Մախարեն նշեց, որ ասոցիացիան ի սկզբանե համեմատում էր կարտոֆիլի աճեցման տեղական չափանիշը եվրոպականի հետ ու փորձում համապատասխանեցնել «Սաքպատենտի» պահանջներին` մասնավորապես վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Գաբունիայի օգնությամբ 2 տարվա աշխատանքի ու բազմաթիվ հետազոտությունների հիման վրա։
««Սաքպատենտում» կարող եք տեսնել, թե ինչքան պահանջներ կան կարտոֆիլի գույնի, ձևի, բաղադրության և այլ առումներով, և երբ համապատասխանեցրինք եվրոպական և համաշխարհային չափանիշներին, սկսեցինք մարդկանց տեղեկացնել այդ ամենի մասին։ Թրեյնինգներ էինք անցկացնում այն խնդրի առնչությամբ, թե ինչպիսին պիտի լինի «Ախալքալաքի կարտոֆիլը»։
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Մացուկատովը նշեց տարբեր ծրագրերի, դրանց թվում՝ USAID ծրագրի կարևորությունը։ Նշյալ ծրագիրը 2011 թվականին սահմանել էր մի շարք արտադրանքների, նաև` կարտոֆիլի աճեցման, պահեստավորման, բուժման, վաճառքի և այլ ուսուցողական/թրեյնինգ գործակիցներ.
«Սկսեցինք թրեյնինգներ անցկացնել, սովորել այս գործակիցները և հետագայում` տարբեր դրամաշնորհների և ծրագրերի աջակցությամբ, էլ ավելի կատարելագործել։ Մեր անցկացրած թրեյնինգներից հետո բազմաթիվ ֆերմերներ փոխեցին իրենց աշխատաոճը։ Էլ չէին աշխատում պապերից եկած ավանդական ձևերով։ Արդեն գիտեին, որ պարարտանյութ ասվածը պարզապես «դեղին» նյութ չէ»։
Դրամաշնորհների աջակցությամբ ասոցիաացիան ձեռք է բերել տասնյակ տրակտորներ, որոնք հնարավորություն են ընձեռում առավել արդիական մեթոդներով աճեցնել կարտոֆիլը։ Այս մեթոդով շարքերի միջև հեռավորությունն ավելի լայն է, քան խորհրդային տեխնոլոգիայով էր.
«Եվ հիմա ավելի շատ ֆերմերներ են սկսում նոր տեխնիկայով աշխատել՝ նոր չափանիշներով։ Դա շատ երկարատև պրոցես է։ Ֆերմերներից շատերը չունեին ֆինանսական հնարավորություն հին տեխնիկայից հրաժարվելու. այս խնդիրն սկսեց լուծվել Եվրամիության տարբեր ծրագրերի շնորհիվ, օրինակ՝ ENPARD-ի, USAID-ի ծրագրերի»։
Ուսումնասիրելով Մախարեի թրեյնինգները ներկայացնող լուսանկարները՝ կարելի է տեսնել տարբեր տարիքային խմբերի անհատների։
«Սկզբում բարդ էր։ Տարեցներն ասում էին՝ մեզ ի՞նչ պետք է սովորեցնես։ Սակայն, ժամանակի ընթացքում նրանք համոզվում էին, որ նորամուծություններն անհրաժեշտ են, ու մինչ օրս էլ հաճախ ինձանից խորհուրդ են հարցնում տարբեր հարցերի կապակցությամբ»,- ասաց նա։
Չնայած կատարած աշխատանքներին, կարտոֆիլի իրացումը կարծես չի հաջողվում. պատճառները տարբեր են։ Մախարեն նշեց պետական կամքի գործոնը, տենդերների խնդիրը և առաջարկեց տենդերների փոխարեն բացել «մթերային բորսա», որտեղ ֆերմերները կկարողանան հեռավար վաճառել իրենց մթերքները։
Ֆերմերի հետ խոսեցինք նաև Ջավախքում այլ մթերքների արտադրման ներուժի մասին։ Կարտոֆիլի սերմը ցանելու մի առանձնահատկություն կա. նույն տարածքում կարտոֆիլի սերմը կարելի է ցանել 3 տարին մեկ անգամ, բայց հնարավոր է մեկ հողատարածքի համար այլ արտոնություն ստանալ՝ ցանել, օրինակ, ընդեղեն (ցորեն, վարսակ), բրոկոլի և այլն։ Նա նշեց, որ որոշ ֆերմերներ աճեցնում են բրոկոլի, ոմանք նույնիսկ վաճառում են, բայց բոլորը չէ, որ կարող են իրենց տարածքից դուրս վաճառել։
«Ֆինանսական տարբեր ծրագրերի աջակցությամբ լիովին հնարավոր է արտահանել բրոկոլի և այլ արտադրանքներ», — նշեց ֆերմերը։
Զրուցեցինք նաև Վրաստանի ագրոարդյունաբերության հեռանկարների մասին։ Մախարեն նշեց, որ զարգանալու համար առաջնային է գիտակցումը, որ Վրաստանը ոչ միայն բազմամշակութային երկիր է, նաև` բազմակլիմայական տարածք է։ Պետք է աշխատել` հաշվի առնելով բոլոր տարածաշրջանների յուրահատկությունները.
«Մենք փորձել ենք աճեցնել սերմային կարտոֆիլ, որը մթերային կարտոֆիլ աճեցնելուց ավելի ձեռնտու է, բայց դա աճեցնելու համար հարկավոր է հողի լաբորատոր հետազոտություն, իսկ վերջինս իրականացվում է հատուկ նմուշների միջոցով, որոնք արդեն սպառվել են»։
Նշենք, որ նմուշները հիմնականում ստանում են Եվրոպայից։
Սերմային կարտոֆիլ աճեցնելը՝ ըստ Մացուկատովի, շատ ձեռնտու է հենց Ջավախքի ֆերմերների համար, բայց դրա համար բազմաթիվ հետազոտություններ պետք է անցկացնել, կարճաժամկետ ծրագրերի իրականացման փոխարեն անհրաժեշտ է աշխատանքային խմբեր ստեղծել որևէ ծրագրի նախաձեռնումից առաջ։
Հարցազրույցի ընթացքում զգալի ժամանակ տրամադրեցինք եվրոպական շուկայի խնդրին, հատկապես` թե ինչքանով է հնարավոր, որ տեղական մթերքը` թեկուզ «Ախալքալաքի կարտոֆիլը», մոտ ապագայում հայտնվի եվրոպական շուկայում.
«Լրիվ հնարավոր է։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, մթերքների սեզոնայնությունը։ Շատ գործոններ է պետք հաշվի առնել, քանի որ եվրոպացին անորակ ապրանքի արտահանում թույլ չի տա։ Ֆերմերներին մշտապես միավորվելու, միասին աշխատելու կոչ եմ անում։ Միասին աշխատելով ավելի հավանական է, որ եվրոպականին համապատասխան չափանիշներով կարտոֆիլ կարտադրենք»։
Միավորումն անհրաժեշտ է, քանի որ ֆերմերներն առանձին-առանձին արտադրում են նույն տեսակի, բայց ամբողջովին տարբեր կարտոֆիլ` և՛ տեսքով, և՛ բաղադրությամբ։ «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի պետը տվյալ խնդրի լուծման տարբերակ նշեց հատուկ մեծ պահեստների և լաբորատորիաների ստեղծումը.
«Ջավախքում մեծ պահեստներ ու լաբորատորիաներ պետք է ստեղծվեն։ Օրինակ՝ վրացական «Ֆրիքս» չիփսերի համար ENPARD-ի աջակցությամբ հատուկ պահեստ են կառուցել։ Մեզ պետք է պարփակ լաբորատորիա, որտեղ հնարավոր կլինի ստուգել հողի որակը, որը դեռևս միայն որոշ մեծ ֆերմաների տերերի է հաջողվում ստուգել Թբիլիսիի լաբորատորիայում»։
Ասոցիացիայի պետը երիտասարդների հետ կապված հեռանկարներին նույնպես անդրադարձավ։ Ըստ նրա` հնարավորությունները շատ են՝ սերմային կարտոֆիլ աճեցնելուց մինչև չիփսերի արտադրություն.
«Երիտասարդներին միշտ կոչ եմ անում մասնագիտական վարպետություն ձեռք բերել։ Էթնիկ փոքրամասնություններին նույնպես մեծ հնարավորություններ են տրվում։ Մենք ուղղակի չպետք է մնանք մեր մեծերի ազդեցության ներքո` միայն պահպանելով նրանց ստեղծածը, մենք նույնպես պետք է ստեղծենք նորը ու հասարակությանը նորամուծություններ առաջարկենք»։
«Ալիք Մեդիա»-ի զրուցակիցը քանիցս շեշտեց մթերքի բարձրորակության կարևորությունը` եվրոպական շուկային առաջարկելու համար.
«Եվրոպական չափանիշները մեզ համար են, պետք է արտադրենք որակյալ մթերք՝ նախ մեզ համար, իսկ դրան հասնելու ճանապարհը պրոֆեսիոնալիզմն է»։
Երբ փոքր, բայց հաջողված նախագծերը սկսում են համապատասխանել միջազգային չափանիշներին, դրանք հարթակ են ստեղծում համաշխարհային տնտեսական գործընթացներում ավելի հաստատուն ներգրավման համար: Այս առումով յուրաքանչյուր քայլ, նույնիսկ այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսին գյուղատնտեսությունն է, կարևոր գործոն է դառնում Վրաստանի տնտեսական և սոցիալական լանդշաֆտի ձևավորումը։
Տեղական այս կարգի հաջողությունները կարևոր դեր են խաղում եվրաինտեգրման գործընթացում՝ ցույց տալով, որ Վրաստանը ոչ միայն ձգտում է հասնել ԵՄ բարձր չափանիշներին, այլև ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Նմանատիպ նախաձեռնություններին աջակցությունն ու զարգացումն ամուր հիմք են ստեղծում միջազգային տնտեսական և մշակութային ցանցերին ինտեգրվելու համար՝ ձևավորելով երկրի դրական բնութագիրը և ամրապնդելով նրա դիրքերը համաշխարհային ասպարեզում։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան, ստաժոր