«Erasmus+»-ը Եվրամիության կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է: Վերջինս երիտասարդներին հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ կրթություն, արդիական գիտելիքներ, մասնագիտական աճ, ինչպես նաև ճանապարհորդություն Եվրոպայում և այլն:
«Ալիք Մեդիա»-ն զրուցել է «Erasmus+» ծրագրի մասնակիցներ Պետրոս Ամիրխանյանի և Գրիշա Տոներյանի հետ. նրանք դրական են գնահատում ծրագիրը և ներկայացնում են իրենց տպավորությունները:
«Լսել էի ծրագրի մասին և դեռ տասնվեց տարեկանից երազում էի մասնակցել: Բարեբախտաբար՝ երազանքս իրականացավ: Եվրոպայում ստացած կրթությամբ բացահայտեցի նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ և ուսումնական պլաններ: Դա բարելավում է կրթական համակարգը, բացում նոր կապեր Եվրոպական հաստատությունների հետ և նպաստում գիտական ու տնտեսական համագործակցությանը: Բարձրորակ կրթությունն էլ իր հերթին կարող է նպաստել երկրի տնտեսական զարգացմանը` նոր գիտելիքներ և հմտություններ բերելով, ինչը կբարձրացնի արտադրողականությունն ու մրցունակությունը», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Պետրոս Ամիրխանյանը. նա «Erasmus+» ծրագրի շրջանակներում մասնակցել է չորս կարճաժամկետ և մեկ երկարաժամկետ փոխանակման ծրագրի: Փոխանակման ծրագրերից 2-ը տեղի են ունեցել Վրաստանում, 1-ը՝ Լեհաստանում, իսկ մյուսը` Լատվիայում:
Նա նաև հավելեց, որ ծրագրերին մասնակցելով ստացել է իր մասնագիտության վերաբերյալ լավագույն գիտելիքները, ինչպես նաև հիանալի հիշողություններ և Եվրոպայում ճամփորդելու հնարավորություն:
Նշենք նաև, որ Պետրոսը սովորում է Իլիայի պետական համալսարանի Համակարգչային գիտությունների բաժնի 4-րդ կուրսում։ Ներկայումս նա Վրաստանում լավ է զգում իրեն, բայց նաև գիտակցում է՝ Եվրոպայում ավելի մեծ հնարավորութուններ ունի մասնագիտական աճի համար:
«Erasmus+» ծրագրի մասնակիցներից Գրիշա Տոներյանն էլ կարծում է, որ Վրաստանի կրթական համակարգը դեռ շատ զարգանալու տեղ ունի, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երիտասարդ չպետք է բավարարվի միայն վրացական համալսարանների տված գիտելիքներով: Հարկավոր է շատ աշխատել, ինքնակրթվել և միշտ հավատալ, որ ամեն ինչ կստացվի:
Նա «Erasmus+» ծրագրին մասնակցել է Հայաստանում՝ տասնօրյա ժամկետով:
«Համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից ցանկություն եմ ունեցել մասնակցելու Erasmus+ ծրագրին, միշտ փորձել եմ, հայտեր եմ ուղարկել։ Լսել էի, որ ընդունվելու դեպքում կարող եմ նոր ընկերներ ձեռք բերել, անգլերենս բարելավել, այդ իսկ պատճառով էլ որոշեցի ուժերս փորձել», — զրույցի ընթացքում ասաց Գրիշան:
Հարցին՝ արդյո՞ք ցանկանում է ուսումը շարունակել Եվրոպայում, պատասխանը դրական էր: Գրիշան պատրաստվում է աշնանը մասնակցել ծրագրին և գարնանային կիսամյակը անցկացնել այնտեղ:
Նա նույնպես սովորում է Իլիայի պետական համալսարանում, ծրագրավորման բաժնի երրորդ կուրսում է: Սովորել է նաև Սոցիալական մեդիա մարկետինգ, ցանկանում է հետագայում հիմնել IT դպրոց:
Ծրագրի մասնակիցները երիտասարդներին խորհուրդ են տալիս բաց չթողնել ոչ մի հնարավորություն աշխարհը բացահայտելու, նոր ծրագրեր ու նախագծեր սկսելու համար, ինչպես նաև բարելավել անգլերենը և ինքնակրթվել: Իսկ վերջում նրանք հավելեցին՝ երկիրը դառնում է ուժեղ, երբ բոլոր անհատները զարգացած են, իսկ ձախողումներից պետք չէ վախենալ, քանզի դա նույնպես հաջողության ճանապարհի մի մասն է կազմում:
Հեղինակ՝ Թամարա Սարգսյան, ստաժոր