Վրաստանյան իշխանամետ «Ռուսթավի 2», «Իմեդի» և POS TV հեռուստաալիքները հայտնել են, որ պարզել են, թե ինչ գործով է Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) վերջին օրերին հարցաքննության կանչում Ուկրաինայում կռվող վրացիներին։
Իշխանամետ լրատվամիջոցների մեկնաբանության համաձայն՝ ՊԱԾ-ը հետաքննում է մի գործ, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ «ահաբեկություն է նախապատրաստվում»։ Հեռուստաալիքներն այս վարկածը տարածել են՝ մեկնաբանելով Ուկրաինայում կռվող վրացի Գելա Կախաբրիշվիլիի և նրա փաստաբանի հարցազրույցները։
Այն բանից հետո, երբ ՊԱԾ-ը հարցաքննել է Ուկրաինայում կռվող Կախաբրիշվիլին, վերջինս և իր փաստաբանն այսօր հարցազրույց են տվել լրագրողներին:
«Հարցերից ելնելով` կարծես ահաբեկություն է ծրագրվում բարձրաստիճան քաղաքական գործիչների դեմ։ Դրանց թվում քննիչը կոնկրետ անուն-ազգանուն է նշել: Սրանք այն մարդիկ են, որ այսօր ներկայացնում են «Վրացական երազանքի» բարձր էշելոնները։ Խոսվում էր «Վրացական երազանքի» պատվավոր նախագահի՝ Բիձինա Իվանիշվիլիի մասին։ Հարցերի ձևակերպումներն էին, թե պատրաստվո՞ւմ եք մասնակցել ահաբեկչական գործողությանը, որը կոչվում է պետական հեղաշրջում»,- ասել է Կախաբրիշվիլիի փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին։
Նրա և Ուկրաինայում կռվող Կախաբրիշվիլիի հետ հարցազրույց են արել չորս ալիքների («Ռուսթավի 2», «Իմեդի», POS TV և Հանրային հեռուստաընկերություն) լրագրողներ: Բոլոր չորս ալիքներով լուրերի թողարկումը սկսվել է այս խնդրի լուսաբանմամբ։ Լրատվական հաղորդագրության մեջ ասվել է, որ Միխեիլ Ռամիշվիլին խոսել է Իվանիշվիլիի և այլ առաջնորդների դեմ ահաբեկություն նախապատրաստելու մասին։
Ավելի ուշ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումների նմանությանը։
«Սա պատահական չէ։ Սա շարունակությունն է պսևդոլիբերալ ֆաշիզմի, որի շրջանակներում տեղի ունեցան Թրամփի դեմ մահափորձը, Ֆիցոյի դեմ մահափորձը, Իրակլի Կոբախիձեի սպանության հիշատակումը։ Հիմա պարզվում է` Բիձինա Իվանիշվիլիին ու մեզ պայթեցնելու ծրագիր է եղել»,- ասել է Մդինարաձեն։
ՊԱԾ-ից «Վրացական երազանքի» առաջնորդների դեմ ահաբեկություն նախապատրաստելու գործի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել։
Ի դեպ, երեկ՝ հուլիսի 22-ին, վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ պարզվել է, որ ՊԱԾ-ում սկսված հետաքննության շրջանակներում Ուկրաինայում կռվող վրացիներին հարցաքննում են ահաբեկություն և դավադրություն մեղադրանքների շրջանակում։