Վաղվանից՝ հուլիսի 24-ից, ուժի մեջ կմտնի Վրաստանի առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ բուժառուները քիմիաթերապիայի համար անհրաժեշտ դեղամիջոցները կստանան կլինիկաներում։
Նախարար Սարջվելաձեն հրամանը ստորագրել է անցյալ շաբաթ՝ հուլիսի 19-ին։
«Այս կոնկրետ գործառույթը չի սահմանափակվում միայն հիվանդների, հատկապես՝ ուռուցքաբանական ախտորոշմամբ հիվանդների կարիքներով, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության չափանիշների բարելավման հնարավորություններով»,- ասել է նախարարը։
Ուշագրավ է, որ հիվանդները, մինչ այս հրամանի կիրարկումը, պետական ֆինանսավորման շրջանակներում իրենց բուժման համար նշանակված դեղերը իրենք էին տանում կլինիկա. դեղատոմսը գրելուց հետո հիվանդը սկսում էր դեղորայքը փնտրել դեղատներում։ Դեղորայքի մի մասը պետք է պահպանվեր հատուկ պայմաններում, իսկ մի մասը պետք է ձեռք բերեին տարբեր մունիցիպալիտետներում։