Ռուսաստանը կօգնի Վրաստանի իշխանություններին հեղաշրջումը կանխելու հարցում, եթե Թբիլիսին օգնություն խնդրի Մոսկվայից, — ըստ վրացական «Պիրվելի արխի» հեռուստաընկերության` հայտարարել է ՌԴ խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։
«Ցանկացած պետական հեղաշրջում արտաքին ուժերի միջամտությունն է այլ պետության ներքին գործերին, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է։ Ես ձեզ այլ բան կասեմ. օրինակ, Սիրիայում իշխանությունը տապալելու փորձ է եղել, երբ Ասադի օրինական կառավարությունը մեզ դիմեց ռազմական օգնության համար։ Ի թիվս այլ բաների, մենք նրանց տրամադրեցինք այդ օգնությունը, և, ինչպես գիտեք, իրավիճակը Սիրիայում կայունացել է», — ասել է Կլիմովը՝ ի պատասխան Վրաստանում, իբր, «հեղաշրջման փորձը» կանխելու Ռուսաստանի պատրաստակամության մասին հարցի։
Նա խոսել է նաև Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ ռազմական դաշինքին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) Վրաստանի անդամակցության հեռանկարին։
«Դա, առաջին հերթին, պետք է որոշի Վրաստանը։ ՀԱՊԿ անդամ դառնալու համար, նախ, պետք է նման ցանկություն լինի»,- ասել է նա։
«Պիրվելի արխիի» հաղորդած Կլիմովի հայտարարության ժամանակ ներկա է եղել ռուսամետ «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդ, վրացի քաղաքական գործիչ Ռոման Փիփիան։
Հատկանշական է, որ Վրաստանում «հեղաշրջման փորձ» իրականացնելու մասին Ռուսաստանի Դաշնության հղած նարատիվները արդեն երկար ժամանակ տարածվում են։ Այս մտայնությունն ավելի մեծ թափ ստացավ, երբ «գործակալների մասին» օրենքի ընդունման ժամանակ քաղհասարակությունը Թբիլիսիում մասշտաբային բողոքի ցույցեր էր անցկացնում, ինչը «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները որակում էին որպես «հեղաշրջման փորձ»։