Ըստ «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտության` Վրաստանի քաղաքացիների 69%-ը Ռուսաստանին համարում է իր երկրի գլխավոր թշնամին։
Այս ցուցանիշն, ի դեպ, տարեցտարի ավելանում է. 2021-ին նմանատիպ հարցման ժամանակ Ռուսաստանին Վրաստանի թշնամի համարել է հարցվածների 66%-ը, 2019-ին՝ 49%-ը, 2017-ին՝ 40%-ը, իսկ 2012-ին՝ 35-ը տոկոսը:
Հարցվածների 4%-ը Վրաստանի գլխավոր թշնամի է համարում Միացյալ Նահանգներին, իսկ 2%-ը՝ Թուրքիային։
2024 թվականի հետազոտության համաձայն՝ Վրաստանի գլխավոր բարեկամը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այդպես է կարծում հարցվածների 24%-ը։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 8%, երրորդում՝ Ուկրաինան՝ 7%, հետո՝ Թուրքիան, Գերմանիան, Հայաստանը։ Ռուսաստանին Վրաստանի բարեկամ է համարում հարցվածների 2%ը։
Հատկանշական է, որ հարցվածների ավելի քան մեկ քառորդը (26%) վստահ է, որ Վրաստանն ընդհանրապես ընկերներ չունի։
Հիշեցնենք, որ «Կովկասյան բարոմետրը» (ԿԲ) ազգային հետազոտություն է, որն անցկացվում է 2008 թվականից ի վեր` սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ:
Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով` 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների։
Հարցվել է, ընդհանուր առմամբ, 1509 մարդ, հետազոտությունն իրականացվել է վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն։