Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի բնակիչ, ուսանող Դիանա Կվեկվեսկիրին Ռուսաստանի Սոչի քաղաքի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ծայրահեղական խորհրդանիշ ցուցադրելու համար. նա սոցիալական ցանցում ԼԳԲՏ դրոշով գրառում է հրապարակել։
«Ազատություն» ռադիոկայանի նախագիծ համարվող kavkaz.realii-ի փոխանցմամբ` ուսանողը դատապարտվել է տասնօրյա ազատազրկման։
Ըստ տեղեկության` արձանագրության մեջ նշված է, որ Կվեկվեսկիրին «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում տեղադրել է «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժման և դրա կառուցվածքային ստորաբաժանումների խորհրդանիշը»։ Մեղադրյալը դատավորից պահանջել է իր պատիժը սահմանափակել տուգանքով, բայց դատարանը որոշել է ազատազրկել նրան։
ՌԴ օրենսդրության համաձայն՝ վարչական հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել աբխազ ուսանողին, նախատեսում է տուգանք կամ մինչև 15 օր ազատազրկում։
Հիշեցենք. 2023 թվականի նոյեմբերի վերջին Ռուսաստանի Գերագույն դատարանը գոյություն չունեցող «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը» ծայրահեղական կազմակերպություն է ճանաչել և արգելել դրա գործունեությունը։ Իրավապաշտպաններն ու իրավաբաններն ընդգծում են, որ հստակ չափանիշներ չկան, թե ինչ է նշանակում «ԼԳԲՏ քարոզչություն»։