Ադրբեջանական azel.tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ափգան Սադիգովին չեն թույլատրել լքել Վրաստանը: Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ինքը՝ Սադիգովը:
Հուլիսի 17-ին Սադիգովը պատրաստվում էր ընտանիքի հետ մեկնել Թուրքիա, սակայն, ըստ նրա՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում իրավապահներն իրեն ասել են՝ անձնագրում «որոշակի խնդիրներ կան, ուստի կարող է միայն վերադառնալ Բաքու»։
Սադիգովը, որ իրեն նախկին քաղբանտարկյալ է համարում, Radiotavisupleba-ին ասել է, որ 7 ամիս է, ինչ ապրում է Թբիլիսիում։ Մինչ այդ՝ մեկուկես տարի առաջ, լրագրողը բուժման նպատակով եկել էր Վրաստան։ Նա պատմել է, որ բանտում տևական հացադուլը վնասել է իր առողջությանը: Սադիգովը երկու անգամ ձերբակալվել է Ադրբեջանում:
Բուժումից հետո Սադիգովը վերադարձել է հայրենիք, ինչպես ինքն է ասել՝ Ադրբեջանի իշխանությունները իր համար կրկին խնդիրներ են ստեղծել․ ահաբեկել են, ճնշումներ են գործադրել, որից հետո եկել է Թբիլիսի։ Լրագրողը կարծում է, որ իր համար անվտանգ չէ Ադրբեջան վերադառնալը։
Ադրբեջանցի լրագրողն ասել է՝ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքները շարունակվել են, իրենից պահանջել են դադարեցնել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատական կարծիք հայտնելը։ Այս պահին Թբիլիսիում են նաև azel.tv-ի գլխավոր խմբագրի ընտանիքի անդամները, նրանք ցանկանում են միասին մեկնել երրորդ երկիր։
Սադիգովը հայտնվել է այն լրագրողների ցուցակում, որոնց ազատ արձակումը 2019 թվականին պահանջել էր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից այս պահին Սադիգովի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: