Պարտադիր հիմնական կրթության մակարդակը` մինչև 10-րդ դասարանը ներառյալ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խորհրդարանն արտահերթ նստաշրջանի ընթացքում երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությանը, ըստ որի` պարտադիր հիմնական կրթության մակարդակը մեկ տարով կբարձրացվի մինչև 10-րդ դասարանը ներառյալ։

Օրենքում նշված է, որ Վրաստանում լիարժեք ընդհանուր կրթությունն ունի երեք մակարդակ՝ նախնական (վեցամյա՝ I-VI դասարաններ), հիմնական (չորսամյա՝ VII-X դասարաններ) և միջնակարգ (երկամյա՝ XI-XII դասարաններ): Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։

Օրինագծի հեղինակների կարծիքով` բազային մակարդակի մեկ տարով բարձրացումը կհամապատասխանի եվրոպական առաջատար երկրների կրթական համակարգերին։

Օրինագծի հեղինակը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունն է, իսկ նախաձեռնողը՝ Վրաստանի կառավարությունը։