Վրաստանյան 121 հասարակական կազմակերպությունները (ՀԿ) «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ (ՍԴ) դատական հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Կազմակերպությունները նաև դատարանին են դիմել վիճարկվող օրենքի դրույթները ժամանակավորապես դադարացնելու վերաբերյալ։
Նրանք պատրաստվում են նաև հայց ներկայացնել Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ճեպազրույցի ժամանակ Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) ներկայացուցիչ Գիորգի Դավիթուրին ընդգծեց միջազգային մեխանիզմների կիրառման պատրաստակամությունը, եթե Սահմանադրական դատարանը ձգձգի գործընթացը։
«Այսօր 121 ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնում են սահմանադրական հայցը Վրաստանի Սահմանադրական դատարան։ Դրանից բացի, կներկայացնենք Խնդրագիր՝ հակասահմանադրական դրույթները դադարեցնելու խնդրանքով։ Հայցը հաստատում է, որ վիճարկվող օրենքը սահմանափակում է հանուն հանրային բարեկեցության քաղաքացիների միավորվելու իրավունքը։ Նման օրենքի ընդունմամբ իշխանությունները ստեղծում են թշնամական միջավայր, որտեղ տարբեր իրավունքների, այդ թվում՝ միավորվելու և արտահայտվելու ազատությունների իրականացումը համարվում է սպառնալիք։ Մենք ողջունում ենք Վրաստանի նախագահի և խորհրդարանի անդամների Սահմանադրական դատարան դիմելու որոշումը», — ասել է Գիորգի Դավիթուրին։
Վերոնշյալ օրենքը Վրաստանում գործում է հունիսի 3-ից։ Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հանգեցրեց Վրաստանում լայնածավալ բողոքի ցույցերի։ Բողոքարկողների պնդմամբ՝ այդ օրենքը նման է Ռուսաստանում կիրառվող օրենսդրությանը, որն օգտագործվում է այլախոհությունը ճնշելու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար։ Վրացական հասարակությունն ու բազմաթիվ միջազգային դիտորդներ այս օրենքը համարում են սպառնալիք ժողովրդավարական ազատություններին և քաղաքացիական հասարակությանը:
Օրենքի կիրառումը դադարեցրել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, ինչը հակասում է Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածին՝ Վրաստանի եվրաինտեգրացման առումով։ Վրաստանի իշխանությունների դեմ սահմանափակումներ են կիրառել նաև Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները։
Հասարակական կազմակերպությունները միաձայն հայտարարել են, որ կօգտագործեն բոլոր հնարավոր ներքին և միջազգային մեխանիզմները՝ կանխելու նպատակով օրենքի գործարկումը մինչև դրա չեղարկումը։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահն արդեն նշված օրենքը բողոքարկել է Սահմանադրական դատարանում։