ԱՄՆ դատախազության տվյալներով՝ ձերբակալվել է Արևելյան Եվրոպայում ստեղծված նեոնացիստական ծայրահեղական խմբավորման առաջնորդը, որը ծրագրել էր սպանել հրեա երեխաների։ Պարզվել է` ձերբակալված քաղաքացին 21-ամյա Միխեիլ Չխիկվիշվիլին է. նա Վրաստանի քաղաքացի է։
Ձերբակալվածը մեղադրվում է Նյու Յորքում` հանցակցի հետ միասին Սանտա Կլաուսի հագուստով, հրեա երեխաներին ահաբեկելու և թունավոր կոնֆետներ բաժանելու մտադրության համար։
ԱՄՆ դատախազությունը գրել է, որ Չխիկվիշվիլին, որը մի քանի մականուն ունի, այդ թվում՝ «Հրամանատար Ղասաբի», միջազգային ծայրահեղական խմբավորման առաջնորդն է։ Այս խմբի դավանանքը նեոնացիստական գաղափարախոսությունն է, խումբը քարոզում է բռնություն ռասայական փոքրամասնությունների և հրեական համայնքի նկատմամբ։
ԱՄՆ դատախազության հայտարարության մեջ նշված է, որ խմբավորման նպատակը ահաբեկության և բռնության միջոցով հասարակական կարգի խաթարումն է։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Չխիկվիշվիլին ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է հավաքագրել գաղտնի գործակալի՝ վերոնշյալն իրականացնելու նպատակով։
Դատախազների խոսքով՝ նոյեմբերին Չխիկվիշվիլին սկսել էր Ամանորի համար «զանգվածային սպանության միջոցառում» ծրագրել։
«Ծրագրին մասնակցել էր մի մարդ, որը պետք է հագներ Ձմեռ պապի հագուստ և թունավոր կոնֆետներ բաժաներ Բրուքլինի դպրոցների ռասայական փոքրամասնություններին և հրեա երեխաներին», — ասված է հայտարարության մեջ:
Այդ սխեմայի իրականացման համար Չխիկվիշվիլին մանրամասն պլան է կազմել և տեղեկացրել գաղտնի աշխատող իրավապահ մարմինների աշխատակիցներին:
Դատախազների խոսքով՝ 2021 թվականից Չխիկվիշվիլին տարածում էր «Hater’s Handbook»-ի մանիֆեստը, որում հայտարարում էր, որ «կսպանի սպիտակ ռասայի համար» և կոչ էր անում մյուսներին` անել նույնը։ Պաշտոնյաների խոսքով՝ Չխիկվիշվիլին 2022 թվականին առնվազն երկու անգամ եղել է Նյու Յորքում և ապրել է Բրուքլինում՝ իր հայրական տատիկի տանը։
Մեղավոր ճանաչվելուց հետո, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում՝ բռնություն հրահրելու, 5 տարի՝ բռնության կոչեր անելու, 20 տարի՝ պայթուցիկ սարքերի պատրաստման և կիրառման վերաբերյալ տեղեկատվության տարածման և ևս 5 տարի՝ սպառնալից հաղորդագրությունների տարածման համար: