«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կարծիքով՝ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումն այլընտրանք չէ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ համագործակցությանը։
Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ հուլիսի 16-ին, նախընտրական քարոզարշավի բացմանը։
Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ անձամբ է դրել Չինաստանի հետ հարաբերությունների խորացման հիմքերը։
«Վրաստանը հետևողականորեն զարգանում է, այդ թվում՝ ուժեղանում է ռազմավարական և տնտեսական բեռը։ Պատմականորեն Վրաստանը կապում էր Արևմուտքն ու Արևելքը, Եվրոպան և Ասիան։ Մենք անում ենք առավելագույնը՝ ուրվագծելու Վրաստանի դերը Միջին միջանցքի նախագծում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, որը հատուկ աջակցություն է ցուցաբերել Վրաստանին։ Սա այն արդյունքն է, որի համար տարիներ շարունակ աշխատել է «Վրացական երազանքի» թիմը և անձամբ ես։
Կցանկանայի ընդգծել, որ Չինաստանի հետ մեր համագործակցության խորացումը այլընտրանք չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ համագործակցությանը։ Ընդհակառակը, սա փոխլրացնող գործոն է ընդհանուր համագործակցության համար, որը պետք է խորացնել առաջիկա տարիներին»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության ստորագրումը համընկավ Վրաստանի խնդրանքի հետ՝ կատարել 9 հանձնարարականներ՝ հաստատելու ժողովրդավարական զարգացումը եվրաինտեգրման ճանապարհին։ «Վրացական երազանքը», որը ցանկանում է իշխանության գալ չորրորդ ժամկետով, ակտիվացնում է չինամետ կողմնորոշման քարոզչությունը և Չինաստանին ներկայացնում է որպես ժողովրդավարական գործընկերների այլընտրանք։