Իվանիշվիլիի կարծիքով, գլոբալ-տարածաշրջանային քաղաքական շահերը կփոխվեն

Ամերիկայի և Եվրոպայի հետ ունեցած բոլոր «թյուրիմացությունները» առավելագույնը 1 տարի հետո կմնան անցյալում, հուլիսի 16-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական քարոզարշավի բացմանն ասել է կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլիի խոսքով, Ուկրաինայում պատերազմը կավարտվի առավելագույնը 1 տարուց, իսկ եթե «Հանրապետական» ​​կուսակցությունը հաղթի ԱՄՆ-ի ընտրություններում, պատերազմը կավարտվի ավելի շուտ՝ 2025 թվականի հունվարին, և Վրաստանը կդառնա գլոբալ քաղաքական խաղացողների հետաքրքրության բոլորովին այլ առարկա։

Ըստ նրա՝ մնում է առավելագույնը մեկ տարի, որից հետո հիմնովին կփոխվեն գլոբալ ու տարածաշրջանային քաղաքական շահերը:

Իվանիշվիլին կրկին առաջ է քաշել դավադրության տեսությունն ու այդ համատեքստում խոսել, այսպես կոչված՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին։

«Գլոբալ պատերազմի կուսակցությունը զգալի ազդեցություն ունի ներկայիս ամերիկյան և եվրոպական բյուրոկրատիայի վրա, ինչը վրաց հասարակության մեջ ընկալում է ստեղծում, որ Վրաստանը կոնֆլիկտ ունի ամերիկյան պետության և Եվրամիության հետ։ Ուկրաինայում, սակայն պատերազմի ավարտով շահերը կփոխվեն, այդ ընկալումն էլ ակնթարթորեն կվերանա։

Գլոբալ պատերազմի կուսակցության ցանկությունը պարզ է, քանի որ նրանք համոզված են, որ մենք չենք ներքաշվի պատերազմի մեջ և չենք կարող զոհաբերել Վրաստանը Ուկրաինայի ճակատագիրը կիսելու համար, նրանք վերջին փորձն ունեն իշխանության վերադարձնելու գործակալներին, քաղաքացիություն չունեցողների միավորմանը՝ կոլեկտիվ «Միացյալ ազգային շարժմանը», որը առաջադրանքը ստանալուն պես կգնա այդ քայլին»,- ասել է Իվանիշվիլին:

Օրերս, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա մահափորձ էր արվել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցցանցում երկու հայտարարություն է նվիրել այդ միջադեպին. մեկը` վրացերեն, մյուսը՝ անգլերեն։ Վրացալեզու հայտարարության մեջ նա հարձակումը կապել է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ, իսկ անգլալեզու հայտարարության մեջ ընդհանրապես չի նշել դրա մասին:

Անդրադառնալով Կոբախիձեի գնահատականին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր ասել է` քանի դեռ փաստերը չեն հաստատվել, նախընտրելի է զերծ մնալ շահարկումներից ու անպատասխանատու հայտարարություններից։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ապատեղեկատվական նարատիվները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ նոր երանգ են ստացել՝ դավադրության տեսությունների տեսքով. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի  «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ստիպում է այլ պետությունների ինչ-ինչ քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»:

«Գլոբալ պատերազմի կուսակցությունն» ու իշխանական վերնախավի խառնաշփոթը