Վրաստանի իշխանությունների վարած հակաարևմտան քաղաքականության ֆոնին Թբիլիսի-Արևմուտք հարաբերություններն օրեցօր վատթարանում են: «Գործակալների օրենքի» և այլ հակաժողովրդավարական օրենքների ընդունման, ինչպես նաև հետզհետե խորացող հակաարևմտյան հռետորաբանության ֆոնին՝ Արևմուտքի խոստացած նախազգուշացումները նախորդ շաբաթ Թբիլիսի հասան: Փաստացի՝ Արևմուտքը վերանայում է Թբիլիսիի հետ հարաբերությունները, չնայած Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում Արևմուտքի այս քայլն «անհասկանալի» են որակում:
Կովկասն արագ փոփոխվող տարածաշրջան է։ Վրաստանն Արևմուտքի միակ հենակետն էր տարածաշրջանում, իսկ Վրաստանի իրական ռազմաքաղաքական դաշնակիցները Եվրամիությունն ու ԱՄՆ-ն էին։ Այժմ, ներկայիս քաղաքական փոփոխությունների ֆոնին, իրատեսական սպառնալիք կա, որ Վրաստանը տարածաշրջանում միայնակ կմնա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյունից, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Գիորգի Կոբերիձեն:
Նրա խոսքով, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նման խաղացողներն ազնիվ դերակատարներ չեն և վտանգ են ներկայացնում տնտեսական և քաղաքական էքսպանսիայի համար: Չինաստանի դեպքում եթե սա կարող է լինել տնտեսական ծուղակ, ապա Ռուսաստանը չի խուսափում ուղղակի ագրեսիայից։
Կոբերիձեի համոզմամբ՝ անկախ նրանից, թե ինչպես է Չինաստանը բնութագրվում որպես ռազմավարական գործընկեր, «մենք Պեկինի վերջին քաղաքական պատմությունից գիտենք, թե ինչպես է նա օգտագործում իր «դաշնակիցների» ռեսուրսները և ինչպես է նրանց վերածում վստահված պետությունների՝ իր կոռումպացված էլիտաներով: Մենք դա արդեն տեսել ենք Հարավարևելյան Ասիայում՝ Պակիստանում, Շրի Լանկայում, Լաոսում, Կամբոջայում և այլն, նաև Կենտրոնական Աֆրիկայում»: Կոբերիձեն հավելեց՝ Չինաստանն այն դաշնակիցը չէ, որը կմերժի Ռուսաստանի շահերը Կովկասում։ Կենտրոնական Ասիայում չինական տնտեսական էքսպանսիան ամբողջությամբ չվանեց ռուսական ազդեցությունը, բայց սկսեց գոյակցել ռուսական ազդեցության հետ։
«Այս իրավիճակում անհրաժեշտ է, որ վրացական կառավարությունը գործի երկրի ռազմավարական շահերի համաձայն և ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանը չընկնի աշխարհաքաղաքական ծայրամաս-սահմանային տարածություն, որտեղ հատվում են Արևմուտքի և Չինաստան-Ռուսաստանի շահերը, և մենք ի վերջո հայտնվենք վերջիններիս ճամբարում։ Դա մեզ միայն կվնասի»,- ասաց Կոբերիձեն:
Ըստ նրա՝ վերջին տարիներին, ցավոք, Վրաստանի իշխանությունը ոչ միայն հակաարևմտյան հռետորաբանություն է գործածում, այլ նաև նման քաղաքականություն է վարում.
«Սրան գումարվեց նման օրենքի ընդունումը (նկատի ունի «գործակալների օրենքը»-հեղ.), որն անհամատեղելի է ժողովրդավարական և արևմտյան արժեքներին։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա հարձակումը քաղաքական քայլ է, որը չի կարող լավ բան բերել երկրին։ Ցանկացած իշխանություն քննադատության կարիք ունի, որքան էլ դա լավը չլինի։ Ինչպես կոշտ մարզիչը` լավ մարզիկի համար»:
Նա նաև հավելեց, որ Վրաստանի տնտեսությունը և մի շարք ենթակառուցվածքային նախագծեր կառուցվել են արևմտյան նվիրատվությունների հաշվին։ Արևմուտքն օգնում է նաև Վրաստանի անվտանգությանը:
«Արտարժույթի ներհոսքը դրական է ազդել լարիի փոխարժեքի պահպանման վրա։ Եթե Վրաստանն այլևս օգնություն չստանա Արևմուտքից, զբոսաշրջությունը կնվազի, և դա շատ բացասական ազդեցություն կունենա Վրաստանի ողջ տնտեսության և շարքային քաղաքացու վրա։ Հեռավոր Ասիայից զբոսաշրջությունը և չինական հիպոթետիկ ներդրումները չեն կարող փոխարինել արևմտյան օգնության տասնամյակների անխափան շղթան»,- եզրափակեց Կոբերիձեն:
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իշխող կուսակցության գործողությունների հետևանքով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է պաշտպանական ուժերի ամրապնդման վրա, այժմ վտանգի տակ է:
ԱՄՆ-ի այդ քայլից հետո Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի որոշումները, որոնք կապված են Վրաստանի պաշտպանության ոլորտում օգնության դադարեցման հետ, համահունչ չեն վրացական իշխանությունների հարաբերությունները վերականգնելու ակնկալիքին։
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ ԵՄ-ի օգնությունը ծառայել է Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, և դրա սառեցման որոշումն անհասկանալի է։