ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակման վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատականին։ Միլլերն ասել է` քանի դեռ փաստերը չեն հաստատվել, նախընտրելի է զերծ մնալ շահարկումներից ու անպատասխանատու հայտարարություններից։
Foreign Press USA-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն Միլլերին ասել է, որ Կոբախիձեն Թրամփի վրա հարձակումը կապում է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։ Միլլերը պատասխանել է՝ պատկերացում չունի, թե դա ինչ է նշանակում:
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում դա (գլոբալ պատերազմի կուսակցությունը — հեղ.): Այս հարձակման մասին խոսել են իրավապահ մարմինները։ Ասել են, թե ինչն է հայտնի, ինչը՝ ոչ… Երեկ, ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակում, նախագահը խնդրել է ամերիկացի ժողովրդին զերծ մնալ շահարկումներից և անպատասխանատու հայտարարություններ չանել, քանի դեռ փաստեր չկան։ Նույն կոչը կուղղեի նաև այլ երկրների»,- ասել է Միլլերը։
Ուշագրավ է, որ Կոբախիձեն սոցցանցում երկու հայտարարություն է նվիրել Թրամփի վրա հարձակմանը. մեկը` վրացերեն, մյուսը՝ անգլերեն։ Վրացալեզու հայտարարության մեջ նա հարձակումը կապել է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետ, իսկ անգլալեզու հայտարարության մեջ ընդհանրապես չի նշել դրա մասին:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ապատեղեկատվական նարատիվները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ նոր երանգ են ստացել՝ դավադրության տեսությունների տեսքով. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ստիպում է այլ պետությունների ինչ-ինչ քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»:
Հուլիսի 13-ի ԱՄՆ ժամանակով՝ կեսօրին, Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մահափորձ է կատարվել ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Նախկին և ներկա նախագահներին պաշտպանող ԱՄՆ գաղտնի ծառայության տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է Թրամփի հանդիպման մեկ մասնակից, ևս երկուսը ծանր վիրավորվել են։
Նշվում է նաև, որ հարձակվողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանվել է։ Ըստ առկա տեղեկությունների՝ Քրուքսը կրակել է Թրամփի վրա մոտակա շենքի տանիքից։ ԱՄՆ-ի հետախուզական բյուրոյի (FBI) տվյալներով՝ շենքը գտնվում էր անվտանգության տարածքից դուրս, սակայն Գաղտնի ծառայության գործակալները կարողացել են վնասազերծել հարձակվողին։