«Ռուսական ակումբը» վրացի աշակերտների-ուսուցիչների համար դասընթաց է անցկացրել

Վրաստանում գործող «Ռուսական ակումբը» ծովափնյա Շեկվեթիլիում վրացի աշակերտների և ուսուցիչների համար դասընթաց է անցկացրել: Այդ մասին հոդված է հրապարակել «Բաթումելեբի» լրատվամիջոցը։

Ըստ տեղեկության՝ դասընթացն անցկացվել է Resort Mirage հյուրանոցում և, հավանաբար, հովանավորվում է Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Россотрудничество-ն (Արտասահմանում ապրող հայրենակիցների դաշնային գործակալություն), որն այս սեմինարի մասին տեղեկություն է տեղադրել իրենց կայքում։

Россотрудничество-ն հիմնադրել է Եվգենի Պրիմակովը։ Կազմակերպության տվյալներով, գործակալությունը նմանատիպ դասընթացներ է անցկացնում նաև Վրաստանի օկուպացված շրջաններում։

«Բաթումելեբի»-ն Վրաստանի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) և Պետական ​​անվտանգության ծառայությանը (ՊԱԾ) հարցրել է, թե արդյոք այս դասընթացին մասնակցող ՌԴ քաղաքացի դասընթացավարները խախտե՞լ են օկուպացիայի մասին օրենքը։ Գերատեսչությունններից ոչ մեկը հարցին չի պատասխանել։

Ուշագրավ է, որ «Ռուսական ակումբը» դասընթացի մասին տեղեկություն է տարածել լրատվամիջոցներում հրապարակումներից հետո միայն:

Հայտնի է նաև, որ Resort Mirage-ում ընթացող դասընթացի պլանի համաձայն, վերջինս պետք է ավարտվեր երեկ՝ հուլիսի 14-ին` գալա երեկոյով, որին պետք է մասնակցեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները։

Նշենք, որ այս դասընթացը բացասաբար են գնահատել Վրաստանի քաղհասարակությունն ու կրթության ոլորտի որոշ փորձագետներ:

Россотрудничество էջում տեղադրված տեղեկության համաձայն, նշված կազմակերպությունը ռուսական գործակալություն է, «որի հիմնական առաքելությունն է ուժեղացնել Ռուսաստանի մարդասիրական ազդեցությունն աշխարհում»։ 2021 թվականից նրանք ստացել են «Ռուսական ակումբ» ոչ պաշտոնական անվանումը։

Կազմակերպությունը ստեղծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով 2008 թվականին, և նրանց նպատակն է մեծացնել և հանրահռչակել ռուսական ազդեցությունն աշխարհում, հատկապես ԱՊՀ երկրներում։