Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հերթական անգամ հայտարարել է, որ խորհրդարանը չպետք է ընդուներ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների օրենքը») օրենքը։
Ըստ օմբուդսմենի՝ իր գրասենյակը ներգրավվելու է Սահմանադրական դատարանում (ՍԴ) այս գործի քննության գործընթացին, սակայն՝ ինչ կարգավիճակով, այս փուլում հայտնի չէ։
«Հանրային պաշտպանն անպայման ներգրավված է լինելու այս գործընթացում։ Մենք աշխատում ենք վերանայմանը մասնակցելու հնարավորության վրա` լինի դատարանի ընկերոջ կարծիքի կարգավիճակով, թե այլ ձևով… Օրենքի վերաբերյալ մեր կարծիքը հայտնի է: Մենք հորդորում էինք, որ այս օրենքը չընդունվի, մենք կոչ արեցինք այս նպատակին հասնել այլ օրենքներում փոփոխություններ ներառելով, սակայն որոշումն ընդունվեց»,- ասել է օմբուդսմենը:
Ի դեպ, ինչպես հայտնի է, այսօր՝ հունիսի 15-ին, ՍԴ-ն պետք է ներկայացնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը։ Ըստ առկա տեղեկությունների՝ նախագահը պահանջում է, նախ, կասեցնել «գործակալների օրենքը», իսկ հետո՝ ընդհանրապես վերացնել օրենքը։
Հասարակական և լրատվական կազմակերպությունները, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները ևս պատրաստվում են հայց ներկայացնել Սահմանադրական դատարան: