Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր՝ հուլիսի 15-ին, դիմել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով։ Պապուաշվիլին բյուրոյի նիստում ասել է, որ եթե նախագահ Զուրաբիշվիլին փորձի միջամտել խորհրդարանի աշխատանքին, ապա ինքն անձամբ կհայտարարի նիստի անցկացման մասին։
Վրաստանի Սահմանադրության համաձայն, խորհրդարանի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում նախագահը` խորհրդարանի նախագահի խնդրանքով, հրավիրում է արտահերթ նստաշրջան։ Եթե գրավոր հարցումը ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում նախագահն արտահերթ նիստ գումարելու որոշում չի հրապարակում, ապա հաջորդ 48 ժամվա ընթացքում խորհրդարանի նախագահի որոշմամբ է խորհրդարանն արտահերթ նիստ գումարում: Նիստն անցկացվում է միայն նախաձեռնողի սահմանած օրակարգով և փակվում է օրակարգի ավարտից հետո։
Պապուաշվիլիի խոսքով, արտահերթ նիստը կանցկացվի հուլիսի 18-19-ը։
Խորհրդարանն արտահերթ նիստում պատրաստվում է քննարկում անցկացնել դատախազության խորհրդի ընտրած Գլխավոր դատախազության թեկնածու Գիորգի Գաբիտաշվիլիի ընտրության շուրջ։ Սպասվում է նաև, որ քվեարկության կդրվի իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախաձեռնած «Համաներման մասին» օրենքը: Պապուաշվիլին ավելի վաղ ասել էր, որ «Համաներման մասին» օրենքն առաջին ընթերցմամբ կընդունվի արտահերթ նստաշրջանում (հուլիսի 18-19-ը), իսկ երկրորդ և երրորդ ընթերցմամբ կքվեարկվի աշնանային նստաշրջանում։
Հիշեցնենք, որ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում գարնանային վերջին նստաշրջանն անցկացվել է հունիսի 28-ին։ Աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 3-ին։