Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում (Ցխնինվալի) կրակոցներ են հնչել: Ըստ վրաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ կրակել են դե ֆակտո նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի եղբորորդիների վրա։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ի կեսօրին՝ 12-րդ դպրոցի դիմաց։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակ են բացել Բիբիլովի եղբորորդիներ Սերգո և Լև Կաբիսովների վրա։ Ականատեսների վկայությամբ՝ այս միջադեպին մասնակցել է նաև դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևի եղբայրը՝ Ալիկ Գագլոևը։
Կաբիսով եղբայրներին տեղափոխել են Հարավային Օսիայի հիվանդանոց: Ուշագրավ է, որ տեղական լրատվամիջոցներն այս փաստի մասին երկար ժամանակ լռել են:
Ըստ հաղորդագրության` ձեռնարկվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Գագլոևը համապատասխան կառույցներին հանձնարարել է հնարավորինս արագ բացահայտել և պատասխանատվության ենթարկել հրաձգության հեղինակներին։