Վրաստանի և ՀՀ ՊՆ-ները համագործակցության պլան են ստորագրել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի համագործակցության պլան է ստորագրվել։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից։

Համագործակցության պլանը հուլիսի 12-ին Երևանի ՊՆ վարչական համալիրում ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշենք, որ Չիքովանիի այցը ՀՀ մեկնարկել է հուլիսի 12-ին։ Չիքովանիին ՊՆ վարչական համալիրում ընդունել է Պապիկյանը։ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել  Չիքովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են ՀՀ-ի և Վրաստանի պետական օրհներգերը:

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Պապիկյանի և Չիքովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ:

Այցի ընթացքում Չիքովանին ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Չիքովանին ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Հիշեցնենք. Չիքովանին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2024-ի փետրվարից։ Նախարարի պաշտոնում  իր պաշտոնական առաջին այցը կատարել է Բաքու։