Հուլիսի 11-ին երեկոյան ուժեղ քամին Լագոդեխիի մունիցիպալիտետի Մածիմի համայնքի (Մածիմի և Ռաճիսուբանի գյուղեր) մոտ 15 բնակելի տների տանիքներ է քշել: Որոշ մասերում անձրև է տեղացել և կահույքի հետ միասին վնասել տեխնիկան։
Տուժածներից մեկի՝ Մարիամ Գոգոլաձեի խոսքով, աղետի ժամանակ տան առաստաղը փլուզվել է: Քամին մասամբ քշել է նաև Լալի Կապանաձեի տան տանիքը։
Մածիմի համայնքի գյուղերում տասնյակ ծառեր ու հոսանքի սյուներ են ընկել։ Ընկած ծառերը վնասել են նաև գերեզմանները։
Գրեթե ամբողջությամբ վնասվել են եգիպտացորենի և ձմերուկի ցանքատարածքները: Քամին տապալել է նաև մանկապարտեզի բակի ծառերը։ Վնասվել են ատրակցիոնները։
Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլին ասել է, որ գյուղերում արդեն աշխատում են վնասների գնահատման հանձնաժողովի անդամները, և օրվա վերջում վնասի չափը հայտնի կդառնա:
Լագոդեխիի մունիցիպալիտետի մոտ տասը գյուղ տուժել էր նաև հունիսի 22-ին տեղի ունեցած աղետից։ Կարկուտը ոչնչացրել էր խաղողի, ընկուզենու, եգիպտացորենի և բանջարաբոստանային կուլտուրաների 80-90 տոկոսը։ Կառավարության որոշմամբ՝ բյուջեից գումար է հատկացվել բնական իրադարձությունների հետևանքով պատճառված վնասները վերականգնելու համար։