«1+4»-ի դիմորդների քննության անցողիկ շեմը

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով վրաստանյան բուհեր ընդունվելու համար՝ դիմորդները հուլիսի 11-ին «Ընդհանուր ունակությունների» քննություն են հանձնել:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «1+4»-ի դիմորդներին հետաքրքրում է քննության անցողիկ շեմն ու դրամաշնորհ ձեռք բերելու կարգը: Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնից (NAEC) «Ալիք Մեդիա Վրաստան»-ին տեղեկացրին.

«Դիմորդը, որը պատրաստվում է ընդունվել «1+4» ծրագրով, պետք է հավաքի առավելագույն՝ 80 միավորի 30 տոկոսից ավելին, այսինքն՝ 80-ից առնվազն 25 միավոր»։

Ինչ վերաբերում է դրամաշնորհին, ապա ամբողջությամբ անվճար կարող են բուհ ընդունվել հայալեզու դիմորդներից ամենաբարձր բալեր հավաքած 200 դիմորդները։ Ըստ NAEC-ի՝ այս մասին պարզ կդառնա քննությունների արդյունքներից հետո:

Հիշեցնենք, որ 200 հայ և 200 ադրբեջանցի դիմորդների՝ դրամաշնորհ ձեռք բերելու նոր կարգն ուժի մեջ կմտնի 2024-2025 ուսումնական տարվանից: Նախորդ տարիներին ֆինանսավորվում էին 100 հայ և 100 ադրբեջանցի դիմորդները:

Նշենք նաև, որ NAEC-ն արդեն հրապարակել է 2024 թվականի «1+4» ծրագրով դիմորդների քննությունների ժամանակ օգտագործված թեստերը: Դրանք հասանելի են՝ այստեղ: