Իշխող «Վրացական երազանք»-ի նախաձեռնած համաներումը չի տարածվի Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վրա, հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ռատի Իոնաթամիշվիլին։
«Հասկանալի է, որ այն անհատներն ու խոշոր հանցագործները, որոնք վատնել են 9 միլիոն լարի, դաժան են վարվել հակառակորդների հետ և անարդարացիորեն օգտագործել իրենց դիրքը, չեն համաներվի», — ասել է Իոնաթամիշվիլին։
Նշենք, որ խորհրդարանում կքննարկվի «Համաներման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։
Իշխող կուսակցության օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ համաներումը կվերաբերի մինչև 3 հազար բանտարկյալի և շուրջ 7 հազար պայմանական դատապարտվածի։ Խոսքը, մասնավորապես, Վրաստանի քրեական օրենսգրքի 66 հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասին է, որոնք կատարվել են մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։ Որոշ բանտարկյալների պատժաչափը կկրճատվի, ոմանց ազատ կարձակեն: Հոդվածների ամբողջական ցանկը հայտնի կդառնա օրինագծի հրապարակումից հետո։