ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի հետ։ Կողմերը հանդիպմանն անդրադարձել են X սոցիալական ցանցում:

Դարչիաշվիլին գրել է, որ հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը, և որ Վրաստանը հավատարիմ է եվրատլանտյան ինտեգրմանը։

«Շատ հետաքրքիր մտքերի փոխանակում ունեցա Ջոն Բասի հետ: Քանի որ մեր երկրները կրում են ընդհանուր արժեքներ և սկզբունքներ, ընդգծեցի Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կարևորությունը: Եվս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի հավատարմությունը Եվրամիությանն ու Եվրո-Ատլանտյան ապագային և մեր երկրների միջև կապերի հետագա ամրապնդման պատրաստակամություն հայտնեցի»,- գրել է ԱԳ նախարարը:

Բասի խոսքով՝ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է վրաց ժողովրդի՝ իր ապագան ընտրելու իրավունքին։ Նա ընդգծել է ազատ և արդար ընտրությունների կարևորությունը։

«Ես հաստատեցի Իլիա Դարչիաշվիլիին, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդի՝ իր ապագան ընտրելու իրավունքին, այդ թվում՝ ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։ Վրաստանի եվրոպական ապագան կախված է նրա ժողովրդի ազատ խոսելու, խաղաղ հավաքներ կազմակերպելու և սեփական առաջնորդներին ընտրելու կարողությունից»,- X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ և Վրաստանում նախկին դեսպան Բասը։

ՆԱՏՕ-ի 75-ամյակի հետ կապված հոբելյանական գագաթնաժողովը Վաշինգտոնում անցկացվում է հուլիսի 9-11-ը: