Եվրամիության և ԱՄՆ-ի որոշումները, որոնք կապված են Վրաստանի պաշտպանության ոլորտում օգնության դադարեցման հետ, համահունչ չեն վրացական իշխանությունների հարաբերությունները վերականգնելու ակնկալիքին։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Առաջին հերթին կցանկանայի անդրադառնալ պաշտպանության ոլորտում միջոցների հատկացումը կասեցնելու ԱՄՆ-ի եւ Եվրամիության որոշմանը։ Այս որոշումը ցավալի է այնքանով, որ չի արդարացնում մեր ակնկալիքները հարաբերությունների վերանայման առումով,- նշել է Կոբախիձեն:
Անդրադառնալով Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերություններին, Կոբախիձեն ընդգծել է. «Անցած չորս տարիների քաղաքական իրադարձությունների ֆոնին այդ հարաբերություններն իսկապես պետք է վերականգնվեն, դրա համար վրացական կողմը, մեր պետությունը, մեր կառավարությունը պատրաստ է սկզբից մինչև վերջ, և մենք սպասում ենք հաջորդ քայլերին»:
Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի՝ անշուշտ, նման որոշումները արդյունավետ չեն հարաբերությունների վերանայման առումով. «Հուսով եմ, ապագայում պրագմատիկ, ռացիոնալ, ճիշտ և արդար քայլեր կձեռնարկվեն, ինչը կնպաստի ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների վերսկսմանը։ Սրան պատրաստ ենք սկզբից մինչև վերջ»։
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Ընդգծենք՝ Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը: