Գերմանիան վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի խոսքով՝ Գերմանիան որոշել է վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ` հրաժարվելով մասնակցել նաև «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժություններին։

Ֆիշերը չի բացառել Բեռլինից Վրաստանին տրամադրվող ռազմական օգնության վերանայումը, թեև կտրականապես հերքել է տեղեկատվությունը, թե Գերմանիան չեղարկում է ուսանողական վիզաները Վրաստանի քաղաքացիների համար։

«Մենք Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման գործընթացում ենք։ Ինչպես գիտեք, մենք ունենք շատ խորը և լայնամասշտաբ հարաբերություններ։ Մենք Միացյալ Նահանգների հետ միասին Վրաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորներից ենք, սակայն առայժմ որոշել ենք Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ չստանձնել։ Գերմանացի զինվորականները նույնպես չեղարկել են իրենց մասնակցությունը Noble Partner զորավարժություններին։ Մենք չեղարկեցինք մեծ իրավաբանական ֆորումը, որն անցկացվել էր Թբիլիսիում անցյալ տարի և պետք է կայանար այս ամառ Բեռլինում»,- լրագրողներին ասել է Ֆիշերը։

Նրա խոսքով, Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը դադարեցվել է, մինչդեռ հնարավոր էր արագ առաջընթաց այս ուղղությամբ։

Վաշինգտոնն անորոշ ժամանակով հետաձգել է Թբիլիսիի հետ զորավարժությունները

Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը երկրորդ անգամ խորհրդարան է ներկայացրել «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, և օրենքն ընդունվել է երեք ընթերցմամբ։