Վրաստանը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մարտադաշտն է դարձել։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` ասել է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության նախկին հրամանատար, պահեստազորային գեներալ Ֆիլիպ Բրիդլավը։
Ըստ նրա` այժմ Ամերիկան և արևմտյան գործընկերները պետք է Վրաստանին ավելի շատ օժանդակեն, որպեսզի Ռուսաստանը չկարողանա անջատել Վրաստանը Արևմուտքից։
«Կարծում եմ, որ Վրաստանը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մարտադաշտն է, որտեղ Ռուսաստանը փորձում է օգտագործել ազդեցության բոլոր միջոցները, «գորշ գոտիների» հիբրիդային ազդեցությունը՝ Վրաստանին Արևմուտքից հեռացնելու և վրացական քաղաքականության վրա ազդեցությունը վերականգնելու համար»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության ամբողջական դադարեցմանը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վատթարացմանը, պահեստազորի գեներալը հույս է հայտնել, որ արևմտյան գործընկերներն այս կրիտիկական պահին օգնության ձեռք կմեկնեն Վրաստանին և մենակ չեն թողնի Ռուսաստանի դեմ-դիմաց։
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։